ՆԱՏՕ-ն չի ցանկացել Վրաստանի պատճառով հարաբերությունները վատացնել ՌԴ-ի հետ. քաղաքագետ

Վրաստանում  նախկին ընտրություններից առաջ ոչ թե կտրուկ եվրոպամետ կամ ռուսամետ ուժերի պայքար էր կամ հարցն այսպես էր դրված, այլ մրցակցությունը տարածաշրջանի հետ աշխատելուն կողմ ուժերի և դրանից դուրս՝ ՆԱՏՕ-ի հետ աշխատելու գաղափարի կողմնակիցների միջև էր: Նույնը նաև այս անգամ  է լինելու: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

«Վրաստանում  ռուսամետ ուժերը հավասար չեն եվրոպամետներին. նրանց ազդեցությունը 20 տոկոսի սահմանում է,  իսկ եվրոպամետները կպայքարեն մնացած 80-ի համար: Այստեղ խնդիրը նրանում է,  որ Վրաստանի հետ Ռուսաստանի ունեցած ռազմական բախման փաստը թույլ չի տա, որ ռուսամետ ուժերը լուրջ հաջողություն ունենան ընտրություններում, և եթե կարողանան մտնել խորհրդարան վերջնական արդյունքով, ապա դա արդեն նորություն կլինի»,- ասաց նա:

Անդրադառնալով  տեսակետին, որ Վրաստանում  ՆԱՏՕ-ից հիասթափություն կա, ինչը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, Հրանտ Միքայելյանը համաձայնեց՝ հիասթափություն կա. Վրաստանի հույսերն իրատեսական չէին. «Նրանք մտածում էին, որ կհաջողվի մտնել ՆԱՏՕ, որն իրատեսական չէ, քանի որ Վրաստանից առաջ մի քանի երկիր կա, որ ավելի վաղ էին ցանկություն հայտնել: Երկրորդ՝ Ռուսաստանը մինչ այժմ դեմ է եղել, իսկ ՆԱՏՕ-ն էլ չի ցանկացել այս պատճառով հարաբերությունները փչացնել ՌԴ-ի հետ: Եթե ԱՄՆ-ն որոշի Վրաստանին տանել ՆԱՏՕ կամ այլ ֆորմատով ինչ-որ ռազմական հարաբերություն հաստատվի, դա այլ հարց»,- ընդգծեց նա՝ նկատելով, որ Վրաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե Վրաստանը ՆԱՏՕ-ին ավելի շատ է պետք, քան հակառակը, զուտ քարոզչական բնույթ էր կրում,  նաև ինչ-որ տեղ ազդեցություն գործելու փորձ. «Դա ազդելու թույլ փորձ էր,  քանի որ ՆԱՏՕ-ն այլ ձևով է գնահատում, թե ով է իրեն պետք, ասել է թե՝ ով կլինի այստեղ անվտանգության պրովայդեր: Այսինքն՝ Վրաստանն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր սահմանները, ոչ թե Վրաստանը կգնա և լուրջ դեր կխաղա: Հիշեցնեմ, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոն է բացվել՝ ուսումնական բնույթի, ասում են, որ կարող է նաև ռազմաբազա տեղակայվի, սրա մասին, իհարկե, դեռ վաղ է խոսելը: Մի բան հստակ է՝ Վրաստանը պետք է լինի համբերատար, քանի որ քիչ հնարավորություն ունի ազդելու ՆԱՏՕ-ի որոշման վրա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում