AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ քաղաքական, տնտեսական և բանակաշինության համակարգում լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան. Արա Աբրահամյան (լուսանկարներ)

 

Այսօր  ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել  «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական հավաքը, որին մասնակցել են Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը , տնտեսության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Իր ելույթում   Արա Աբրահամյանը մասնավորապես շեշտեց՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական և բանակաշինության համակարգում լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

տիկնայք և պարոնայք,

ընթացիկ հարյուրամյակը նոր մարտահրավերներ է ներկայացնում մեր մոլորակի բնակչությանը: Աշխարհում տեղի ունեցող բուռն տեղաշարժերն ու զարգացումներն արդեն շոշափում են նաև Հայաստանի, Արցախի և համայն հայության շահերը: Դրա վառ վկայությունն է այն փաստը, որ այսօր Ղարաբաղի անկախության ճանաչման խնդիրը հայտնվել է տեղի ունեցող գլոբալ բախումների կիզակետում:

Մենք չենք կարող անտարբեր մնալ 21-րդ դարի թելադրած մարտահրավերների հանդեպ: Մենք չենք կարող հանգիստ նստել ու սպասել, թե ի՞նչ տեղի կունենա և ի՞նչ է սպասվում մեզ: Ընթացիկ հարյուրամյակն իր դաժան մարտահրավերներով նման անհոգության տեղ չի թողնում: Համազգային միասնությամբ մենք կարող ենք դիմակայել այդ մարտահրավերներին: Նշվածը փաստերով ամրապնդելու համար ձեր ուշադրությունը կհրավիրեմ ընդամենը երկու իրադարձության վրա:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառումների անցկացումը ցույց տվեցին, որ մենք ազգային համախմբվածության և միասնության ապահովման միջոցով ի վիճակի ենք լուծելու Հայաստանի տնտեսական վերելքի, երկրի անվտանգության ապահովման, Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև համազգային նշանակություն ունեցող ցանկացած հիմնախնդիր:

Մյուս իրադարձությունը Արցախյան քառօրյա պատերազմն էր, որի ժամանակ ամբողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում համախմբվեց և ապրում էր Արցախյան ռազմաճակատով:

Այո, նշված և բազմաթիվ այլ իրադարձություններ վկայում են, որ մեր ժողովրդի միասնությունը, համախմբումը նրա պատմական հաջողությունների և հաղթանակների աղբյուրն է ու գրավականը:

Ահա թե ինչու Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, համոզված լիներով, որ աշխարհաքաղաքական բուռն զարգացում ապրող իրադարձությունները դեռ շատ փորձություններ կարող են մատուցել, նախաձեռնեցին «Հանուն համազգային միասնության շարժումը», որն արդեն կյանքի ուղեգիր է ստացել և ձեռք բերել իր համախոհներին: Հայաստանում արդեն ձևավորվել են շարժման մարզային և քաղաքային կառույցներ, որոնք հետևողական աշխատանք են տանում համախոհների հավաքագրման ուղղությամբ: Այսօր այս դահլիճում հավաքվել են Շարժման տարածքային կառույցի ղեկավարները, պատասխանատուները, որոնք շատ ավելի լավ գիտեն տեղերում գործերի վիճակի, հաջողությունների, բացթողումների ու թերությունների մասին: Ես համոզված եմ, որ դուք հավատում եք դրական վերափոխումների գաղափարին և կփորձեք ձեր ներդրումն ունենալ այդ գործում:

Այսօր հայ ժողովրդի երեք հատվածները` Հայաստանը, Արցախը և սփյուռքը հայտնվել են շահերի նույն հարթության վրա: Հենց այդ իրողությունից էլ բխում է մեր շարժման գլխավոր նպատակը` նպաստել համազգային շահերի շուրջ համայն հայության համախմբմանը` ի շահ 21-րդ դարի մարտահրավերների դիմակայման:

Ժամանակակից աշխարհում համազգային միասնության ապահովման շարժիչ ուժ կարող է հադիսանալ Հայաստանի Հանրապետությունը: Պարզ է, որ իր այդ կարևոր պատմական առաքելությունն իրագործելու համար Հայաստանը պետք է լինի տնտեսապես և սոցիալապես հզոր, համախմբված:

Ցավոք սրտի Հայաստանը հզորանալու համար դեռևս լուրջ ճանապարհ ունի անցնելու: Հանրահայտ փաստ է, որ Հայաստանի տնտեսության զարգացման վիճակը բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետևանքով շատ հեռու է բավարար լինելուց: Զգալի բացթողումներ կան Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման, բնակչության սոցիալական պաշտպանվածության բնագավառներում: Գործազրկության, աղքատության, երկրում տիրող անարդարության մթնոլորտի և այդ ամենի հետևանք հանդիսացող արտագաղթի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցները դեռևս արդյունավետ չեն:

Հայաստանի քաղաքական, տնտեսական և բանակաշինության համակարգում լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան: Կոռուպցիոն երևույթներն ավելի ցայտուն դարձան հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն նման արատավոր երևույթների դեմ պայքարի գործում: Հայաստանի կառավարությունը վերջերս սկսել է պայքարը կոռուպցիայի դեմ: Մնում է հուսալ, որ այդ պայքարն արդյունավետ վերջաբան կունենա:

Երկրում դեռևս առկա են ունեցվածքային և սոցիալական կարգավիճակների խիստ շերտավորում: Հանրային հոգեբանության մեջ սոցիալական նման բարդ իրավիճակի արդյունքում ձևավորված երևույթները խաթարում են Հայաստանում սոցիալական համերաշխության ձևավորումը: Ստեղծված իրավիճակով պետք է բացատրել այն փաստը, որ երկրում տիրում է քաղաքացիների վստահության ընդհանուր ճգնաժամ` քաղաքական համակարգի նկատմամբ: Այդ երևույթն ավելի ցայտուն է արտահայտված երիտասարդության միջավայրում: Եվ դա ունի իր դրդապատճառները: Ըստ մի շարք հետազոտությունների արդյունքների՝ երիտասարդությունը Հայաստանում հանդիսանում է ավելի խոցելի խավերից մեկը: Նրանց միջավայրում խիստ բարձր է գործազրկության մակարդակը:

Ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում պատրաստված «Երիտասարդության զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի տվյալների՝ գործազրկությունը երիտասարադության շրջանում կազմում է 40%: Ահա թե ինչու երիտասարդությունը չի զգում պետության հոգատարությունն իր շահերի և իրավունքների պաշտպանության գործում:

Հայաստանի աշխատաշուկայում տիրող իրավիճակով է հիմնականում պայմանավորված բնակչության և հատկապես երիտասարդության միգրացիոն տրամադրությունները: Դժբախտաբար այդ մտահոգությունները ոչ միայն չեն մեղմանում, այլ գնալով ավելի են սրվում:

Մեկ այլ կազմակերպության կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում երկրում մնալ/գնալու վերաբերյալ հարցումերի պատասխաններն ինդեքսավորվել են հաշվի առնելով, իհարկե, նաև արտագաղթածներին: Ինդեքսավորման արդյունքում ստացվում է, որ մեկ մնացողին հասնում է երկու գնացող, իսկ երիտասարդների շրջանում մեկ մնացողին` երեք գնացող:

Բոլոր տեսակի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում խիստ բարելավման կարիք ունի պետական երիտասարդական քաղաքականությունը, որը չի համապատասխանում ներկա պայմաններում երիտասարդությանը հուզող հարցադրումներին:

Եթե այսօր «Հանուն համազգային միասնության» շարժման նպատակների համատեքսում քննարկենք վերը հիշատակված և գոյություն ունեցող բազմաթիվ պրոբլեմները, ապա պետք է նշել, որ ներկա իրավիճակում համայն հայության բացառիկ գերակայություն ունեցող խնդիրն անկախ Հայաստանի և հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումն է, նրա անվտանգության ապահովումը: Տնտեսապես, սոցիալապես հզոր Հայաստանն է այն վահանը, որ կարող է պաշտպանել հայ ժողովրդին դարի մարտահրավերներից: Նման Հայաստան կերտելու գործում, իհարկե, շատ անելիքներ ունեն առաջին հերթին Հայաստանի իշխանությունները, որոնք պետք է պոզիտիվ վերափոխումներ ձեռնարկեն երկրի քաղաքական համակարգում, սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության սոցիալական պաշտպանվածության գործընթացներում:

Հանուն համազգային միասնության շարժումը կարծում է, որ Հայաստանի հզորացումը միայն հայաստանցիների խնդիրը չէ: Միանգամայն ճիշտ է ասված, որ ժամանակակից Հայաստանը սփյուռքի հետ և առանց սփյուռքի` երկու տարբեր քաշային կատեգորիաներ են: Ժամանակակից Հայաստանի զարգացումը շատ հարցերում կախված է սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունից:

Հայաստանի և սփյուռքի գործարար շրջանների երկխոսության համար արդյունավետ ինստիտուտ կարող է դառնալ «Հանուն համազգային միասնության շարժումը»: Ուստի շարժման առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է դառնա սփյուռքի հայկական համայնքների, գործարար շրջանների ներուժի համախմբումը, հայրենիքին որակական օգնութուն ցույց տալու և համազգային խնդիրների լուծման գործում:

Հայկական սփյուռքի մտավոր, տնտեսական ու ֆինանսական ներուժը, բիզնեսի կազմակերպման փորձն` աշխարհի առաջատար երկրներում և համաշխարհային շուկայում պետք է դիտարկվեն որպես Հայաստանի և Արցախի տնտեսության կարևորագույն դաշնակից:

Համազգային շարժումը և Համաշխարհային հայկական կոնգրեսը, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և մյուս նախարարությունների հետ համատեղ կարող են արդյունավետ գործընկեր դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման ու համաշխարհային շուկայում հայկական բիզնեսի աջակցության համալիր ծրագրի մշակման ու իրականացման գործում: Նման մոտեցումը կնպաստի համահայկական հավաքական ներուժի ձևավորմանը, ինչը թույլ կտա հայ ժողովրդին ամրապնդելու իր դիրքերն աշխարհում:

Կարծում ենք, որ Հայաստանի զարգացման խնդիրները կարող են իրականություն դառնալ ռազմավարական բնույթի ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի տնտեսությունում գիտատար, պաշտպանական նշանակության արդյունաբերական ճյուղերի ստեղծմանն ու զարգացմանը: Ռազմավարական բնույթի ներդրումները հնարավորություն կտան ձևավորել տնտեսական զարգացման շարժիչներ և դուրս գալով միջազգային տնտեսական հարթակ` փոխել Հայաստանի տնտեսության մեջ տեղ գտած անբարենպաստ վիճակը:

Գտնում ենք, որ Հայաստանի աշխատաշուկայի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է լուրջ տեղ հատկացնել հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, որն առաջատար երկրներում ապահովում է բնակչության զբաղվածության 70%-ը:

Նշված խնդիրների լուծմանը նպաստելու համար լուրջ քայլեր են ձեռնարկել Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ համազգային միասնության շարժման շրջանակներում, նախապատրաստվում է և ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-16-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տարածքային տնտեսական առաջին ֆորումը: Այդ ֆորումը ոչ թե եզակի բնույթ է կրելու, այլ դառնալու է մշտական գործող հարթակ և անց է կացվելու տարին մեկ անգամ` Երևանում:

Ես այսօր նպատակ չեմ հետապնդում մանրամասն ներկայացնել ֆորումի ծրագիրը, քանզի այդ մասին լուրջ խոսակցություն կբացվի հոկտեմբերին` ֆորումի ժամանակ: Սակայն կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի կազմակերպիչների, գործընկերների, ֆորումի նպատակների ու խնդիրների վրա:

Ֆորումը կազմակերպվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ կառավարության հետ միասին: Ֆորումին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Չինաստանի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի կառավարությունների և բիզնես- հանրության բարձաստիճան ներկայացուցիչներ:

Քառօրյա միջոցառումը չորս առաջնային նպատակ է հետապնդում, դրանք են՝

-Իրազեկում` Եվրասիական Տնտեսական Միության տնտեսական ներուժի մասին, 

-Ազգային և տարածաշրջանային ներդրումային և խոշոր բիզնես հնարավորությունների բացահայտում,

- Իր տեսակի մեջ եզակի ինովացիոն գաղափարների և ծրագրերի ներկայացման տարածաշրջանային նորարարական հարթակի ձևավորում,

-Երկկողմ և բազմակողմանի հիմնարար կապերի հաստատում հավանական բիզնես գործընկերների միջև:

Ֆորումի առաքելությունն է` ստեղծել մշտական հաղորդակցության քննարկման և իրական ժամանակում համագործակցության մի հարթակ, որը կնպաստիԵվրասիական Տնտեսական Միության անցմանը` «Խելամիտ կառավարվող տարածաշրջանի»:

Համոզված եմ, որ ֆորումն արդյունավետ դեր կարող է խաղալ Հայաստանում ներդրումային քաղաքականության բարելավման, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության, աղքատության և արտագաղթի կործանարար հետևանքներից պետության հոգսերը թեթևացնելու գործում: Մնում է, որ Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ հետևողականություն ցուցաբերեն Հայաստանում ներդրումային և գործարարական միջավայրը գրավիչ դարձնելու գործում:

Ֆորումի նախապատրաստման և անցկացման գործում լուրջ խնդիրներ ունեն նաև Ազգային միասնություն շարժման մարզային և քաղաքային կառույցները: Այդ կառույցներում արդեն քննարկվել են ֆորումի կազմակերպման հետ առնչվող խնդիրները: Սակայն մի հարցի վրա ևս կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը: Երբ խոսում ենք ներդրումային քաղաքականության, բիզնես ծրագրերի մասին, պետք չէ նկատի ունենալ միայն ծավալուն, հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերը: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում վճռորոշ դեր կարող են խաղալ տեղական` մարզային, համայնքային բիզնես-ծրագրերը, որոնց շնորհիվ ևս կստեղծվեն անհրաժեշտ աշխատատեղեր: Տեղական ծրագրերի նշանակությունը կարևոր է նաև այն իմաստով, որ դրանց իրականացման գործում մենք կարող ենք ներգրավել տվյալ տարածաշրջանում ծնված և կրթություն ստացած, ներկայումս Ռուսաստանում և այլ երկրներում բիզնես գործունեությամբ զբաղվող գործարարներին: Նրանք կարող են համապատասխան ներդրում անել իրենց փոքր հայրենիքում, փող աշխատել և նպաստել այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այդ գործի կազմակերպումն իր վրա կարող է վերցնել Ռուսաստանի հայերի միությունը:

Հարգելի՛ հայրենակիցներ

Շարժումն այսօր Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման և անվտանգության խնդիրը դիտարկում է արմատական փոխադարձ կապակցվածության և փոխպայմանավորվածության մեջ: Երկարատև և կայուն անվտանգության ապահովումը հնարավոր է միայն զարգացման առաջընթաց տեմպերի ապահովման դեպքում: Իսկ երկարաժամկետ զարգացման գործընթացը միանշանակ պահանջում է մեր ազգի համար անվտանգության բավարար պայմանների ստեղծում` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:

Ուստի, ներկայումս համազգային գլխավոր խնդիրներից մեկն է դառնում Հայաստանի, Արցախի և սփյուռքի անվտանգության ամրապնդման հարցերը: Ներկա կոնֆլիկտային աշխարհում գոյություն ունեցող բախումները ոչ մի սահման չեն ճանաչում: Ստեղծված իրավիճակում օբյեկտիվ անհրաժեշտություն է դառնում եռամակարդակ ազգային անվտանգության հայեցակագի մշակումը, որով պետք է զբաղվեն թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ Համազգային շարժումը` սփյուռքյան հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ: Նման հայեցակարգի մշակումն, իհարկե, երկար ժամանակ է պահանջում: Ներկայումս Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրը պետք է դիտարկենք ապրիլյան չորսօրյա պատերազմի դասերի ներքո: Ուստի Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է լուրջ կերպով զբաղվեն բանակաշինության հարցերի ամբողջ կոմպլեքսով` սկսած հայ զինվորի հետ տարվող աշխատանքից մինչև զենքի և մյուս անհրաժեշտ միջոցների մատակարարումը:

Հատկապես շատ կարևոր է Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրը: Այստեղ է, որ մենք դեռևս ունենք շատ անելիքներ ու չլուծված հարցեր: Ապրիլյան դեպքերի առթիվ մեր ժողովուրդը համախմբվեց և այդ հավաքական ոգևորությունը, իրոք, հպարտանալու առիթ է տալիս: Բայց օրինական հարց է ծագում, չէ որ մենք բոլորս, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, գիտեինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը զինադադարի պայմանագիր է կնքված, այլ ոչ թե հաշտության:

Մեզ հայտնի էին նաև Ադրբեջանի նախագահի ագրեսիվ, ռազմատենչ հայտարարությունները Ղարաբաղը և մյուս տարածքները զենքով վերադարձնելու մասին: Ավելին, ամեն օր վիճակագրական տվյալներ էին հրապարակվում Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի ուղղությամբ կրակոցներ արձակելու, այդ թվում նաև զոհերի մասին: Այդ բոլորն իմանալով հանդերձ, մենք պետք է համազգային համախմբում դրսևորեինք յուրաքանչյուր օր, որպեսզի խուսափեինք պատերազմից:

Պետք է մեր ամենօրյա աշխատանքի միջոցով ցույց տայինք, որ Հայաստանի, Արցախի անվտանգության խնդիրը ոչ միայն հայաստանցիների, այլև 8 միլիոնանոց հայկական սփյուռքի բնակիչների խնդիրն է, որոնք պատրաստ են վտանգի դեպքում մեկ մարդու նման զինվորագրվելու Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը: Բացառված չէ, որ այդ քայլերով, միգուցե, կարող էինք կանխել 4-օրյա պատերազմը, խուսափել մարդկային զոհերից:

Մենք հաճախ ենք պարտվում ինֆորմացիոն պատերազմում, իսկ շատ հարցերում ուղղակի ուշանում ենք: Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ ամիս հետո Ադրբեջանի իշխանությունները հրավիրեցին Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարը և քննարկեցին իրենց իսկ կողմից հրահրված պատերազմի արդյունքները: Բոլոր մեղքերը, այդ թվում նաև 4-օրյա պատերազմը, բարդեցին Հայաստանի և Արցախի վրա: Ավելին, համագումարը նույն բովանդակությամբ հայտարարություն ընդունեց` ողղված աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, պառլամենտներին, միջազգային բոլոր կազմակերպություններին:

Կարծում եմ, որ այստեղ էլ մենք ուշացանք: Բայց ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և «Հանուն ազգային միասնության շարժման» անունից առաջարկում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի ներկայացուցիչների համահայկական համաժողով և քննարկել մեր ազգային անվտանգության հետ առնչվող արդիական հարցեր: Միաժամանակ գտնում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել համահայկական համագործակցությունը համակարգող մարմին` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Հենց այդ մարմինն էլ կարող է ձևավորել համահայկական կենսական շահերի պաշտպանության ճկուն համակարգ: Այդ մարմնի ձևաչափը կարող է որոշել Հայաստանի իշխանությունը:

Համազգային միասնության շարժման համատեքստում մենք կարևոր տեղ պետք է հատկացնենք լեզբվամշակութային միասնության ապահովման հարցերին: Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը մեր ժողովրդի լեզվամշակութային միասնության ապահովման գործում արդեն ձեռք են բերել լուրջ փորձ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայոց լեզուն հայապահպանության գլխավոր զենքն է, մեր ազգային գոյության հիմնասյունը, արդեն 10 տարի է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ միասին կազմակերպում ենք հայապահպանության մրցանակաբաշխություն` սփյուռքի կրթօջախների, համայնքների, ընտանիքների միջև, որն արդեն շոշափելի արդյունք է տալիս:

Հայաստանի, համայն հայության նյութական և բարոյական բարգավաճման, նոր հարյուրամյակի մարտահրավերներին դիմակայելու համար վճռորոշ նշանակություն ունեն գիտությունն ու մշակույթը: Հայաստանի նման երկրի համար մտավոր սեփականությունը կարող է դառնալ հզորության, հարստության աղբյուր և համաշխարհային ճանաչում բերել նրան:

Ելնելով այդ ամենից՝ սկսած 2006 թվականից Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ, ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների համագործակցությամբ, կազմակերպում են Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխություն, որին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ստեղծագործական միությունները:

Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել Հայաստանի և սփյուռքի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել հայության մտավոր կյանքի աշխուժացմանը:

«Մրցանակաբաշխություն-2016»-ը անց է կացվում նոր շարժման շրջանակներում, «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանով: Մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին:

Հարգելի՛ հայրենակիցներ

Ընդամենը մի քանի ամիս է անցել «Հանուն համազգային միասնության շարժման» նախաձեռնումից, բայց արդեն կարելի է ասել, որ ընդլայնվել և ընդլայնվում է նրա գործունեության աշխարհագրությունը: Մարդիկ անտարբերությամբ չեն նայում այդ կազմակերպության ծավալած գործունեությանը, փորձում են հավատալ, որ նրա միջոցով կարելի է շատ բան փոխել մեր երկրում, համախմբել հայությանը համազգային շահերի շուրջ: Մնում է բարի երթ ցանկանալ մեր շարժմանը, իսկ նրա մասնակիցներին ու համախոհներին` արդյունավետ գործունեություն:

Շնորհակալություն ուշադրության համար»,-հայտարարեց Աբրահամյանը:  

 

 

Լրահոս
Թուրք զինվորալկաններն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Կորոնան» ադրբեջանում ծաղկունք է ապրում. 100 մահ կա՞ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի Դավիթ Տոնոյանն առանձնազրուց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ… ԱԳ նախարարը ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն վերականգնեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ խորհրդակցություն է հրավիրել Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն Վերմիշյանն ազատվեց պաշտոնից ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին «Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է.բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը (լուսանկարներ) ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Զուրաբյանի Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով ԱԺ լսումները. Ուղիղ Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan