ԵՄ-ն պետք է նախ սրբագրի իր սխալները, իսկ մենք նախագահների հանդիպմանը գնանք նոր փաթեթով. Լարիսա Ալավերդյան

Նախագահների հաջորդ հանդիպմանը պետք է գնալ նոր փաթեթով: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Պահանջները պետք է հտակ ձևակերպված լինեն, գնահատականները՝ պարզ: Պետք է հստակեցվի, որ առանց դատապարտելու Ադրբեջանի մարդատյաց գործողությունները, հնարավոր չէ որևէ դրական արդյունքի հասնել անվտանգության տեսանկյունից: Երկրորդ՝ պետք է հստակեցնենք, որ Արցախն է այս բանակցությունների կողմը, ՀՀ-ն միայն կարող է միջնորդել կամ օգնել: Չորրորդ՝ Ադրբեջանը պնդում է Արցախի մասնակցության պարագայում ԼՂՀ խնդրի շուրջ ադրբեջանական համայնքի մասնակցություն, իսկ կես միլիոնանոց ադրբեջանահայերը չպե՞տք է մասնակցություն ունենան: Պետք է հստակեցվեն դերակատարությունները: Հաջորդը՝ եթե այն փաթեթի մեջ, որը կնորացվի կամ չի նորացվի, չդրվի ադրբեջանահայության կրած վնասները, կտտանքները, կնշանակի մենք ունակ չենք միջազգային այն մակարդակի քաղաքականություն վարել, որը պահանջվում է»,– ընդգծեց նա՝ նշելով, որ հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին այսօր դրված փաստաթուղթը փոփոխելու տրամադրություն չի տեսնում, և որ ապրիլյան դեպքերը հնարավորություն էին տալիս կտրուկ փոխել ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափը, բովանդակությունը: Ավելին, ըստ նրա, հերթական անգամ տանուլ ենք տվել սեփական երկրում ինքնիշխան պետության կեցվածքը ցույց տալու և դրանով իսկ միջազգային հարաբերություններում սեփական տեղն ունենալու հնարավորությունը: Երրորդ՝ ապրիլյան պատերազմից հետո չօգտագործվեց ժողովրդական մաքուր և բարոյական ալիքը՝ հաղթահարելու ներսում եղած ախտերը:

Ինչ վերաբերում է Եվրամիության ցանկությանը՝ աջակցելու հակամարտությունների կարգավորմանը, Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց. «Եվրամիությունը, նախևառաջ հիշելով իր կոպիտ սխալը, որը նա արեց 1991-ին, երբ տեսավ, որ Ադրբեջանը չի կատարել ճանաչման պահանջները և ոչ էլ մտադիր է ճանաչելու, նա խորհուրդ է տվել ճանաչել Ադրբեջանը ստալինյան սահմաններով: Այո, դա Եվրամիության որոշումն է եղել: Եվ եթե անդրադառնան այսօրվա վիճակին, չեմ ասում չեղյալ հայտարարի 1991-ի որոշումը, այլ այսօր սրբագրի իր իսկ գործած սխալները, հենց ինքը կփրկվի ԻՊ-ից, ճանաչված Ադրբեջանից, որը չի պատրաստվում սահմանափակվել այս տարածաշրջանով»:

Միաժամանակ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց, որ այսօր չկա այն խոշոր պետությունը, որն ի զորու է կանգնեցնել ինչ-որ կոնֆլիկտ: Ըստ այդմ՝ ղարաբաղյան կարգավորման հարթությունում տրվող երաշխիքները սին խոսքեր են. «Մենք տեսնում ենք, որ առանձին-առանձին որևէ պետություն՝ լինի դա ԱՄՆ-ն, թե ԵՄ անդամ պետությունները…, ինչը նշանակում է, որ կամ չեն կարողանում, կամ էլ չեն ուզում: Եթե չեն կարողանում ժողովուրդները պետք է օգնեն, եթե չեն ուզում՝ ժողովուրդները պետք է ստիպեն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում