Միայն զենքով կա՞ հայոց փրկություն

Կան բազմաթիվ ասույթներ, մոտեցումներ, ընդհուպ երգեր, որոնք հետապնդում են շատ հստակ նպատակներ, ունեն շատ հստակ հասցեատերեր, երբեմն էլ ընգրկում են խիստ հստակ պատմական ժամանակահատված: Ու երբ տվյալ ասույթը կամ մոտեցումը դուրս է բերվում տվյալ ժամանակահատվածից, փոխվում է հասցեատերը, հաճախ շղթայական կապվածությամբ տրամագծորեն փոխվում է նաև նպատակը:

Եվ երբ մի դեպքում այդ նպատակը ծառայում է ի շահ հանրության ու ի շահ պետության, ապա մեկ այլդեպքում այն կարող է հանգեցնել միայն բացասական հետևանքների: Օրինակ, երբ մենք երգում ենք` միայն զենքով կա հայոց փրկություն, ապա դրանով մենք հասկանում ենքբացառապես արտաքին մարտահրավերներին դիմակայելը: Ավելորդ է նաև նշել, որ այդ խոսքերն ունեն նաևիրենց պատմական ժամանակահատվածն ու հասցեատերը: Այն ուղղված էր հայոց ազգային ազատագրական պայքարին` թոթափելու համար թուրքական լուծը:

Այն, ինչ արդիական էր ու հույժ կարևոր մինչև 20-րդ դարի սկզբները, այսօր արդեն ժամանակավրեպ է, քանի որ փոխվել են մարդկանց մոտեցումները, փոխվել է միջազգային հանրության չափորոշիչները, փոխվել են միջազգային հարաբերման գործիքներն ու մեթոդաբանությունը: Այնուամենայնիվ, եթե այդ երգիբառերը կարող են ոգևորել ու բարձր պահել հայրենասիրական ոգին, ապա տեղափոխվելով այլհարթություն, կարող են ենթարկվել մանիպուլիացիայի և սխալ ընկալման արդյունքում ունենալ կործանիչ հետևանքներ: Առավել ևս, որ զգայուն մարդկանց վրա, շատ հաճախ տարատեսակ երգերն ու ասույթները ստեղծում են համապատասխան տրամադրություն, ինչպես հաշիշն է ազդում այն օգտագործողի վրա:

Կամ երբ Մաքիավելին խորհուրդ էր տալիս առաջնորդվել` նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով, ապա նրա համար այդ նպատակը միացյալ ու ուժեղ Իտալիան էր: Ինչպես տեսնում ենք, նման մոտեցման թիրախը նույնպես ուներ արտաքին ուղղվածություն, նույնպես հետապնդում էր պետական շահ:

Սակայն եթե այն մանիպուլիացիայի ենթարկենք, հարմարեցնենք մեր քիմքին ու ճաշակին, տեղափոխենք կենցաղ, կամ այդ սկզբունքով հետապնդենք նեղանձնային և նեղխմբային շահեր, ապա այն, ինչը Մաքիավելլու դեպքում ենթադրում էր բարիք իտալացի ժողովրդի համար, երկրորդ դեպքում կարող է ունենալ բացասական ու անդառնալի հետևանքներ:

Հիմա, եթե ենթադրենք իքս երկրում որևէ խումբ փորձի զենքի միջոցով իրականացնել իր նպատակները, ապա որքան էլ այդ նպատակները իրագործողների պատկերացմամբ իրենց հիմքում ենթադրեն հանրային բարիք, վերջնարդյունքում այն վերածվելու է չարիքի: Որովհետև առաջին հերթին ժողովրդավարության, այլակարծության պայմաններում չկա այնպիսի մոտեցում, որն ընդունելի լինի հանրության բոլոր շերտերի համար: Սովորաբար հանրությունը ցանկացած հարցերի շուրջ որոշումը կայացնում է ազատ կամարտահայտման միջոցով ու ընդունելի է համարվում այն մոտեցումը, որը հավաքում է առավել մեծամասնության հավանությունը: Սակայն եթե որևէ մոտեցում պարտադրվում է զենքով, ապա պարտադրողները հանրության մյուս շերտերին զրկում են իրենց պատկերացումները հայտնելու ու իրենց պատկերացումները տարածելու հնարավորությունից, զրկում են ընտրության իրավունքից:

Որոշ գերտերությունների համար նույնպես սեփական որդեգրած արժեհամակարգը ենթադրում էր իրենից բացարձակ արժեք ու բացարձակ բարիք: Բայց երբ փորձ արվեց այդ բացարձակ բարիքը զենքի միջոցով տարածել համաշխարհային հանրության այլ անդամների վրա, որոնք ունեին բարիքի մասին իրենց ուրույն ու փոքր-ինչ տարբերվող մոտեցումները, ապա տեղի ունեցավ համաշխարհային քաղաքական կատակլիզմ:

Աշխարհում խախտվեց հարաբերական անդորրության բալանսը ու աշխարհը թևակոխեց քաոսային փուլ, որից արդեն ավելի քան մեկ տասնամյակ է` չենք կարողանում դուրս գալ: Պատճառը մեկն է: Ինչպես պետությունն է կազմավորված հասարակությունից, այնպես էլ աշխարհն է կազմավորված մի շարք հասարակություններից ու երբ հասարակության մի հատվածը զենքը դեմ է տալիս հասարակության մի այլ հատվածի ճակատին ու փորձում պարտադրել, որ իր ճանաչած բարիքը միակ բարիքն է ու չկա այլ բարիք բացի իր պատկերացրածից, ապա ուժը ծնում է հակազդեցություն ու…հայտնվում ենք հերթական քաոսի ճահճում:

Չեմ հիշում ով, բայց մեկը լավ էր ասել. Ես թեպետ չեմ կիսում քո կարծիքը, բայց կյանքս կտամ, որ դու այն կարողանաս ազատ արտահայտել: Միայն այն հասարակությունը կարող է ապրել ազատ, որի անդամները չեն վիրավորի ու քարկոծի, չեն պիտակավորի ու հայհոյի հակառակ կարծիք ունեցողին:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում