Ամեն տան վրա կան փամփուշտների հետքեր կան. The Guardian-ի անդրադարձը սահմանամերձ Մովսես գյուղին

The Guardian պարբերականը անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչների առօրյային:

Անժելա Այվազյանի թոռնուհին դուրս էր գալիս մանկապարտեզից, երբ կրակոցները սկսվեցին: Հնգամյա երեխան, լսելով կրակոցների ձայները, գլուխը կախ միանգամից վազեց տուն: Այս անգամ ոչ ոք չէր վիրավորվել, սակայն բոլորը գիտեին, որ Հայաստանի հյուսիսարեւելյան Բերդ շրջանի Մովսես գյուղի վրա դիպուկահարները նորից են կրակելու, եւ ինչպես Անժելա Այվազյանն էր ասում «դա ժամանակի խնդիր է»:

Մովսեսում ապրող ընտանիքների համար այս ուշ հուլիսյան հարձակումը առօրյա կյանքի մի մասն է: Գյուղը գտնվում է ադրբեջանական սահմանից 300 մետր հեռավորության վրա, եւ շատ տներ դիպուկահարների ուղիղ նշանառության տակ են:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը արդեն 55 տարի է՝ ապրում է գյուղում.

«Դուք հազիվ թե գտնեք մի տուն, որի վրա չլինեն փամփուշտների հետքեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Guardian-ի հետ զրույցում ասել է գյուղապետը:

Նրա տունը գնդակոծվել էր նախորդ տարվա սեպտեմբերին:

«Նրանք հանկարծակի սկսեցին կրակել: Գիտեին, որ այդ տարածքում մարդիկ են ապրում, եւ համոզված էին, որ ինչ-որ մեկին գոնե մի վնաս կպատճառեն»,- ասում է Ավալյանը:

Նման անկայուն շրջանում ապրող տեղացիների համար կյանքը ավելի է դժվարանում ամեն մի նոր բախման հետ:

Անահիտ Բադալյանը, ով Բերդում Կանանց ռեսուրս կենտրոնի պատասխատուն է, ուսումնասիրում է հակամարտության հոգեբանական կողմը: Նա ասում է, որ կանանց ավելի քան 86%-ը խնդիրներ ունի կապված հոգեկան առողջության հետ՝ դեպրեսիա, սթրես, նյարդահոգեբանական խնդիրներ, որոնց առկայությունն, ըստ երեւույթին, պայմանավորված է սահմանամերձ գոտում ապրելու հետ:

Անժելա Այվազյանի ամուսինը 22 տարի ծառայել է առաջնագծում նախքան թոշակի անցնելը: Նրա որդին նույնպես զինվորական է:

Կիմա Ալիպյանը ցույց է տալիս ննջասենյակի պատի մեջ մխրճված փամփուշտը:

«Անցած օգոստոսին՝ ամեն երեկո ժամը 7-ից սկսած, նրանք կրակում էին: Եթե մի օր այդ ժամին չէին կրակում, բոլորս զարմանում էինք: Մենք սովորել էինք դրան: Մեր երեխաները մեծացել են սրա մեջ, հիմա էլ՝ մեր թոռները»,- ասել է գյուղի բնակիչը:

Այսօր Մովսես գյուղի բնակչությունը է 2,156 մարդ: Համագյուղացիներ Թագուհի Ադամյանի եւ Հասմիկ Զաքինյանի հետ միասին Անժելա Այվազյանը վճռել է մնալ հայրենի գյուղում՝ կենդանի շունչ հաղորդելով նրան:

Անահիտ Բադալյանը, ով համագործակցում է Հայրենիքի զարգացման հիմնադրամի ղեկավար Թիմոթի Սթրեյթի հետ, մեծ ներուժ էր տեսնում արհեստագործության ոլորտում եւ գիտեր, որ նրանք կարողանալու են գտնել արտահանման շուկա: Այժմ Անժելա Այվազյանը պատրաստում է ձնեմարդ-դեկորացիաներ, որոնք ուղարկում են ԱՄՆ:

Գյուղի կանայք այժմ ավելի ու ավելի շատ պատվերներ են ստանում:

Անժելա Այվազյանի խոսքով՝ հելունագործությունը ավելին է, քան հոբբին կամ աշխատանքը, այն իր կյանքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում