Վրաստանը հույս ունի, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան կվերադառնան խաղաղ ճանապարհով

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հուսով են, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան խաղաղությամբ կվերադառնան հանրապետության կազմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երկրի ղեկավարները ծաղկեպսակներ են դրել 2008 թվականի հակամարտության ժամանակ զոհված զինվորների շիրիմներին եւ հարգել նրանց հիշատակը: Գերեզմանատուն Էին եկել նաեւ նախարարների կաբինետի, գլխավոր շտաբի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Մենք իրապես կվերամիավորենք Վրաստանը եւ ոչ թե ռազմական, այլ խաղաղ ճանապարհով»,-հայտարարել է նախագահը:

Վարչապետը նույնպես պաշտպանել է այդ հայտարարությունը: «Չնայած այն բանին, որ պատերազմը տեւեց մի քանի օր, մեր երկիրը ծանր հարված ստացավ: Ես խոնարհվում եմ յուրաքանչյուր զինծառայողի առջեւ, որը պատերազմի զոհ դարձավ… Երկրի խաղաղ վերամիավորումն այլընտրանք չունի»,- լրագրողներին հայտարարել է վարչապետը:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր Իրակլի Ալասանիան նշել է, որ Վրաստանը պետք է ձեռք բերի ժամանակակից ռազմական տեխնիկա, ապահովի օդային անվտանգությունը եւ սերտ համագործակցություն հաստատի ՆԱՏՕ-ի հետ, «որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանվել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում