Պարտադրված է, բայց ոչ պարտադիր

Մեզ մոտ երբեմն տարօրինակ որոշումներ են ընդունվում: Որոշումները օրեր շարունակ գովազդվում են, ներկայացվում վերջնաժամկետներ, մարդիկ ստիպված կատարում են ծախսեր և մոտավորապես հայտնվում «տուն ա, թող լինի» հայտնի արտահայտության տրամաբանության շրջանակներում, որովհետև մի գեցեղիկ օր պարզվում է, որ այն, ինչ մինչև ձեռք բերելը պարտադիր էր, ձեռք բերելուց հետո բնավ էլ կարևոր չէ: 

Բոլորս ենք հիշում, որ ամիսներ շարունակ գովազդվում էր, որ դեկտեմբերի 31-ից պետք է դադարի անալոգային հեռարձակումը, անցում ենք կատարում թվային հեռարձակման ու այդ փոփոխությունը պետք է կատարվի ոչ ավել, ոչ պակաս հենց Ամանորի գիշերը: Բնական է, ո՞վ կցանկանար նոր տարին դիմավորել առանց հեռուստացույցի ու մարդիկ ամանորյա գնումները թողած, վազեցին դեպի էլեկրոտեխնիկայի խանութներ` գնելու նոր տարվա խոզի բդին հավասարազոր դարձած թվային սարքը: Ձեռք բերեցինք ու ով հրաշք, տեղի ունեցավ բացառիկ մեծահոգության դրսևորում: Ազդարարվեց, որ թվային հեռարձակման անցումը հետաձգվում է մինչև 2 ամիս ժամանակով` հաշվի առնելով, որ ոչ բոլորն են ձեռք բերել այդ սարքերը: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում էլ դա վերջնաժամկետ էր, քանի որ, ըստ պատկան մարմինների, այլևս ոչինչ չի կարող խանգարել որոշման կատարմանը, քանի որ մինչ այդ բոլորը կհասցնեն ձեռք բերել այդ սարքերը, սոցիալապես անապահով ընտանիքներն էլ կստանան անվճար:

Ես բարեբախտաբար, իսկ կոնկրետ տվյալ դեպքում դժբախտաբար անապահով չեմ, ստիպված վճարեցի 26000 դրամ (երկու հեռուստացույցի համար) ու սկսեցի սպասել թվային հեռարձակմանը:

Այնուհետև տեղի ունեցավ դարակազմիկ աբսուրդ: Հայտարարվեց, որ գրեթե բոլոր ընտանիքներն արդեն ունեն թվային հեռարձակման սարքերը, բայց փոփոխությունը տեղի կունենա 2018 թվականին: Սա եկեք խոստովանենք, որ պարզապես զավեշտ է:

Հարգելի իրավասու մարմիններ, եթե մի փոփոխություն պետք է տեղի ունենար 2018թ-ին, ինչու՞ ինձ ստիպեցինք ծախսի տակ ընկնել 2015թ.-ին: Եթե մտածում էիք, որ այդ ժամանակ չեմ հասցնի ձեռք բերել այդ սարքը, կարծում եմ մի փոքր սխալվել եք, քանի որ հիմա խորհրդային ժամանակները չեն, երբ մարդիկ օրինակ ավտոմեքենա գնելու համար հերթագրվում էին 40 տարեկանում ու ավտոմեքենայի տեր դառնում իրենց 50 ամյակին: Կամ գուցե մինչ այդ ես կգնեի նոր հեռուստացույց, որի մեջ այդ սարքավորումը կա: Իսկ հիմա դուք ինձ ստիպեցիք վճարել 26000 դրամ երկու անպետք իրի համար, մանավանդ, որ նրանց ցուցադրման որակը չափազանց վատն է, երբ փորձում ենք հաղորդումներ դիտել այդ սարքերով, տպավորություն է, որ մեր առջև 1960 ականների արտադրության Էլեկտրոն հեռուստացույց է, որը երկար ժամանակ աշխատելուց տաքանում է ու վերածվում ռադիոընդունիչի:

Նույնը տեղի ունեցավ նաև անձնագրերի հետ: Կրկին առարկություն չընդունող տոնով հայտարարվեց, որ հին անձնագրերը դուրս են գալու շրջանառությունից, որ ում անձնագրերի ժամկետները լրացված են, պետք է անպայման ձեռք բերեն կենսաչափական անձնագրեր, բնականաբար ոչ անվճար, քանի որ ձրի պանիր միայն թակարդում է լինում: Բայց մեզ մոտ պարզվեց, որ նույնիսկ թակարդի պանիրն է վճարովի, որովհետև մարդիկ այլընտրանք չունենալով վճարեցին, ձեռք բերեցին այդ կենսաչափական անձնագրերը ու…հերթական ավետիսը` հին անձնագրերը մնում են ուժի մեջ, իսկ կենսաչափականները ձեռք բերելը բնավ էլ պարտադիր չէ:

Այս ամենը հիշեցնում է Վիտամին ակումբի ելույթներից մեկը, երբ ասում է, մարդկանց ձեռքը մի քիչ փող է հավաքվել, արի վերցնենք, քանի ափռ ցփռ չեն ծախսել:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում