Դավիթ Բաբայանը ԼՂՀ նախագահի հարցազրույցի խեղաթյուրումը համարում է Ադրբեջանի քարոզչության միջամտության արդյունք

Դավիթ Բաբայանը ԼՂՀ նախագահի հարցազրույցի խեղաթյուրումը համարում է Ադրբեջանի քարոզչության միջամտության արդյունք

Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկն արդյունք է ադրբեջանական, միգուցե, նաև, թուրքական քարոզչական մեքենայի ակտիվ միջամտության:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Փաստորեն, այստեղ հիբրիդային պատերազմի բաղադրամասեր են երևում: Սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից՝ համաշխարհային նշանակություն ունեցող ամենակարևոր լրատվական միջոցները հատուկ ուշադրություն էին դարձրել Արցախին: Բավականին հայտնի լրատվամիջոցներ Արցախի մասին տարբեր տեղեկություններ և նյութեր էին տպագրում: Այս գործընթացն արագացավ հատկապես քառօրյա պատերազմից հետո: Վերջերս արգեն տինական կարևորագույն հեռուստաընկերությունը շատ ծավալուն ռեպորտաժներ է նվիրել Արցախին: Ուկրաինական առաջատար հեռուստաալիքները ևս Արցախին անդրադառնում են: Մենք դա տեսնում ենք Ռուսաստանում, ԱՄՆ-ում, ֆրանսիական լրատվամիջոցներում: Իսկ վերջերս էլ Ֆրանսիայի խորհրդարանական թերթը Արցախի Հանրապետության նախագահի հետ հարցազրույցը տպագրել է իր կայքէջում, ինչը քաղաքական մեծ նվաճում է»,-նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան չեն կարող համակերպվել այդ ամենի հետ, քանի որ ակնհայտ երևում է, որ նրանց խավիարային դիվանագիտության հնարքները տեղեկատվական դաշտում չեն աշխատում: «Նրանք հիմա որդեգրել են խորամանկ, նենգ քաղաքականություն, բայց պետք է նշել, որ որոշ արդյունքներ այն տվել է: Նրանց քարոզչության հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ֆեյքերով, հայկական անունների տակ սկսել են փնովել այդ հարցազրույցը: Այդ ամենը հասնում է նաև աբսուրդի: Օրինակ, տարբեր բառեր կոնտեքստից կտրում են, փոխզիջում բառը դարձնում են զ իջում, այն դեպքում, երբ նախագահն ասել է, որ զիջման վրա ընդհանրապես չի կարող կարգավորվել հակամարտությունը: Հիմա նրանք փորձում են օգտագործել հայկական միջավայրը, հորինված հայկական անունների տակ ինչ-որ ադրբեջանցիներ ստեր են տարածում: Դժբախտաբար, որոշ հայկական ոչ ադեկվատ գաղափարների տեր մարդկանց են ներգրավել: Ես չգիտեմ՝ այդ մարդիկ իսկապես կապված են, թե պարզապես սկսել են այդ ալիքի վրա կեղտոտ հայհոյանքներով լի մի արշավ կազմակերպել»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Բաբայանը հավելեց, որ սրա հիմնական նպատակը նաև այն է, որ քառօրյա պատերազմում Ադրբեջանը, կրելով պարտություն, տալով բազմաթիվ զոհեր, հասկացավ, որ իր նյութական առավելությամբ չի կարող հաղթել, քանի որ մեզ մոտ շատ ուժեղ է գաղափարախոսական բաղադրամասը: «Հիմա Ադրբեջանը փորձ է կատարում հարված հասցնել այդ գաղափարախոսական բաղադրամասին, խարխլել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և մեր հայկական միջավայրում ստեղծել ոչ առողջ մթնոլորտ: Այս ամենը պետք է շատ լուրջ վերլուծվի և համապատասխան հետևություններ կատարվի, որովհետև նման արշավ առաջին անգամ է մեր իրականության մեջ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում