Վրաստանում մտադիր են արագորեն պարզել՝ ով է պատվիրել գազամուղի պայթեցումը

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան օգոստոսի 23-ին հայտարարել Է, որ շուտով հայտնի կդառնա, թե ռուսական գազամուղի պայթեցման մեջ մեղադրվողներն ումից են ստացել առաջադրանք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը օգոստոսի 22-ին հայտնել է ահաբեկչական գործողություն կատարելու փորձի համար հինգ մարդու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պարեկային ոստիկանության մի աշխատակցի եւ հանցավոր խմբի մասին չտեղեկացնելու համար երկրի մի քաղաքացու ձերբակալման մասին:

Հետաքննության տվյալներով՝ խումբը պլանավորում էր պայթեցնել Ռուսաստանը եւ Հայաստանը կապող գազամուղի հատվածը: Պետանվտանգության ծառայության ներկայացուցիչը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ «կալանավորվածներից մեկը հաճախ էր մեկնում Ուկրաինա, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյոք հանցավոր խումբը հայտնվել է այդ երկրից»:

Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի 22-ի երեկոյան բոլոր կալանավորվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը: Դատարանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին: «Երբ պետանվտանգության ծառայությունը հայտարարություն է անում այն մասին, որ լուրջ վտանգ է կանխվել, բնականաբար, ես լիակատար վստահություն ունեմ դրա նկատմամբ:

Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ կապեր են եղել, եւ հանցախումբը որտեղից է առաջադրանքն ստացել, հասարակությունը կտեղեկացվի մոտ ապագայում»,- ասել է նախարարը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում