Գազամուղի պայթեցման փորձի մեջ մեղադրվող Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկն ընդունել է մեղքը

Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկը, որոնք ձերբակալվել են ՌԴ-ից Հայաստան ձգվող գազամուղի բաց տեղամասի պայթեցման փորձի մեղադրանքով, ընդունել է իր մեղքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Մայա Չրելաշվիլին:

«Բեկա Բեկաուրին ընդունում է, որ մտադիր էր իրականացնել ահաբեկչական գործողություն՝ դա պատճառաբանելով նրանով, որ ինքը դեմ է Ռուսաստանի քաղաքականությանը»,- պնդում է փաստաբանը:

Մեկնաբանելով վահաբականների հետ Բեկաուրիի հնարավոր կապի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները, նա ասել է, թե իր պաշտպանյալը «մերժում է որեւէ կապի առկայությունը»: Փաստաբանը միեւնույն ժամանակ հայտնել է, որ «Facebook սոցցանցում կան լուսանկարներ, որտեղ Բեկաուրին եւ մի խումբ այլ անձինք կանգնած են տարբեր դրոշների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշի ֆոնին»: Իշխանությունները եւ համապատասխան ծառայություններն առայժմ չեն մեկնաբանել այդ լուսանկարների վերաբերյալ փաստաբանի հայտարարությունները:

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ օգոստոսի 20-ին կալանավորվել են Վրաստանի հինգ քաղաքացիներ, որոնք «պատրաստվում էին Արագվի գետի մոտ Սագուրամո գյուղից ոչ հեռու պայթեցնել գազամուղի բաց հատվածը, որով ՌԴ-ից բնական գազ է մատակարարվում Հայաստանին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում