Շևարդնաձեն 2002-ից հետո. ՀՀ իշխանություններին դժվար օրեր են սպասվում

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ՝ «Սասնա ծռեր» խմբի զինված գործողությունները սպասելի էին. դրանց 2013 թվականի նոյեմբերի 5-ին նախորդել էին Շանթ Հարությունյանի նախաձեռնած «մարգանցովկա-բրոնզով» բողոքի ակցիան և  2015-ին  Նորք-Մարաշում Արթուր Վարդանյանի  գլխավորած զինված հանցախմբի ձերբակալումը: Այսինքն՝ սկսվել էր քաղաքական խնդիրները զենքի կամ ուժի գործադրման այսպես ասած՝ լեգիտիմացման գործընթաց:

«Երևանի հասարակության մի զգալի հատված խրախուսում է  լուրջ խնդիրների լուծումն ասենք հինգ մարդ սպանելու տարբերակով: Այդ պատկերացումը դառնում է բավական պոպուլյար»,-ընդգծեց նա՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո փոխվել է քաղաքական իրավիճակը ՀՀ-ում, ըստ այդմ՝  դժվար է պատկերացնել, թե իշխանություններն ինչ են անելու հետագայում.«Ենթադրենք՝ նրանք մինչև ընտրություններ հասնեն (թեկուզ դա շատ դժվար է, ամեն չնչին իրադարձություն կարող է իրավիճակ փոխել), ի՞նչ փողեր պետք է ծախսեն, ի՞նչ միջոցներ գործի դնեն, որ այս ընտրություններում հաղթեն: Լավ, ենթադրենք՝ դա  հաջողվեց. հավաքում են 54% ու հաղթում, ի՞նչ է լինելու հաջորդ շաբաթ: Ենթադրենք՝ դա էլ արեցին՝ հաջորդ շաբաթն ինչ-որ կերպ վերապրեցին, կարելի՞ է պատկերացնել, որ նման ձևով իշխանությունը 5 տարի կկարողանա ղեկավարել: Ինձ համար շատ դժվար է նման բան պատկերացնել. կան շատ անալոգներ, օրինակ՝ Շևարդնաձեն 2002-ից հետո, իհարկե, այստեղ կա մեկ տարբերություն՝ ընդդիմությունը ևս ապալեգիտիմացվել է, մարդիկ ձայն են տալիս ընդդիմությանը ոչ թե հանուն նրանց, այլ ընդդեմ իշխանության»:

Իսկանդարյանի խոսքով, աշնանը կսկսվի նախընտրական շրջանը, որը լարված է լինելու. իշխանությունները կփորձեն ինչ-որ միջոցների դիմել, պատրանքներ ստեղծել,  բայց դրանով խնդիրը չի լուծվի: Ըստ նրա՝ իշխանությունները կորցրել են իրենց հանդեպ վստահությունը, նրանց  լեգիտիմությունը «պլինտուսից ցածր է»:

«Միջազգային փորձը ցույց է տալիս՝ փրկել ռեժիմը ոչ լեգիտիմ պայմաններում կարող է միայն մի բան. բուռն տնտեսական աճը տարիների կտրվածքով։ Մեզ դա չի սպասվում։ Օրինակ, Ռուսաստանում այդպես է. մենք վճարում ենք, դուք քաղաքականություն չեք մտնում: Նավթային երկրներում դա կարող է աշխատել, մեզ մոտ նավթ չկա։ Խնդիր է նաև այն, որ չկա մի ուժ, որին կարելի է հանձնել իշխանությունը»,-շեշտեց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ մեզ մոտ  բավականին բարդ իրավիճակ է այն առումով ևս, որ  երբ ինչ-որ մեկը մտնում է քաղաքականություն, փորձում է որևէ ռացիոնալ բան ասել, անմիջապես կորցնում է վստահությունը.«Երբ նա հարթակներում է՝ ֆիդայիի կերպարով, նա լավն է, բայց երբ ինչ-որ ռացիոնալ բան է ասում ու խոսում քաղաքականություն մտնելու մասին, միանգամից հեղինակազրկվում է»։

Անդրադառնալով ԼՂ խնդրին, քաղաքագետը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը, այս պահին աշխատում են հակամարտության գոտում լարվածության սրացում թույլ չտալու ուղղությամբ, ինչը հաջողվում է: Իհարկե, այս վիճակը չի կարող երկար տևել, քանի որ շատ բան կախված է նավթի գներից և Ադրբեջանում տիրող իրավիճակից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում