ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունված բանաձեւով կոչ է արվում զենքով օգնել Վրաստանին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 8-ին ընդունել Է 660 բանաձեւը, որով կոչ է արվում «պաշտպանվելու հնարավորություններ» ընձեռել Վրաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է հանրապետականների խմբակցությունը:

Բանաձեւի օգտին քվեարկել է 410 պատգամավոր, դեմ են արտահայտվել վեցը:

Բանաձեւը նաեւ կոչ է անում նախագահին «դե յուրե կամ դե ֆակտո» չճանաչել Ռուսաստանի սուվերենությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ եւ պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ներկայացուցիչների պալատի բանաձեւը պարտավորեցնող ուժ չունի եւ, ինչպես սպասվում Է, զգալի ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանը Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչում է որպես անկախ պետություններ եւ նրանց նկատմամբ սուվերենության չի հավակնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում