«Վրացական երազանքը» ցանկանում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի, Սուխումի եւ Ցխինվալի հետ

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագիրը, որում արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններն են մնում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը, ինչպես նաեւ հարաբերությունների կարգավորումը ՌԴ-ի հետ եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ ուղղակի երկխոսություն սկսելուն աջակցելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախընտրական ծրագիրը ներկայացրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը գլխավորում է կուսակցության ընտրացուցակը: Նա իր ուշադրությունը կենտրոնացրել է արտաքին քաղաքականության, երկրի տնտեսական, սուցիալական եւ ժողովրդավարական զարգացման, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտների վրա:

«Մեր արտաքին քաղաքականության գերակայություններն են՝ անվտանգությունն ու ինքնիշխանության հաստատումը, տարածքային ամբողջականության վերականգնումը, եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացումը, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը, Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը, անվտանգության եւ հարեւան երկրների հետ ռազմավարական նախագծերի հաստատումը եւ արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ սփյուռքի հետ սերտ կապի հաստատումը»,- ասված է ծրագրում:

Փաստաթղթում նշվում է, որ երկրի ինքնիշխանության եւ անվտանգության հաստատումը հնարավոր Է բարառապես խաղաղ ճանապարհով, եւ որ շարունակվելու է աշխատանքը աբխազների եւ օսերի հետ ուղղակի երկխոսություն եւ հաշտության գործընթաց սկսելու նպատակով:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում