Ադրբեջանը Վրաստանի համար ավելի կարևոր չէ, քան Հայաստանը. Վրաստանի ԱԳ նախկին նախարար

Ադրբեջանը Վրաստանի համար ավելի կարևոր չէ, քան Հայաստանը. Վրաստանի ԱԳ նախկին նախարար

Վրաստանի համար Ադրբեջանն ավելի կարևոր չէ, քան Հայաստանը, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն:

«Մենք մշտապես Հայաստանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ, և քաղաքական առումով մենք խնդիրներ չունենք, բայց տնտեսական համագործակցությունը, ցավոք, այնքան զարգացած չէ, որքան քաղաքականը: Այնպես որ ես տեսնում եմ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալ և, կարծում եմ, որ մեր՝ Եվրամիության հետ կնքած Ասոցացման համաձայնագիրը կնպաստի դրան», – ասաց Փանջիկիձեն:

Հարցին, թե Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ երկիր լինելն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների վրա, երբ Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Մայա Փանջիկիձեն պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա ազդեցություն կունենա, որովհետև մեր միջև վաղեմի հարաբերություններ են: Դրա համար, կարծում եմ, անկախ այն փաստից, որ Վրաստանը ձգտում է Եվրամիություն և ՆԱՏՕ, իսկ Հայաստանն ունի այլ ծրագրեր, հավակնություններ, դա որևէ կերպ չի խոչընդոտի Հայաստանի և Վրաստանի միջև  տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Դրա համար լուրջ պոտենցիալ կա»:

Վրաստանի ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ  ոչ միայն տնտեսական և հումանիտար հարթությունում, այլև քաղաքական, որը դեռ հնարավոր չէ տարածքային խնդիրների պատճառով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում