Վրաստանի զինուժերը երեք գումարտակ կպատրաստեն ՆԱՏՕ-ի օգնությամբ

Վրաստանի զինուժերը երեք գումարտակ կպատրաստեն ՆԱՏՕ-ի օգնությամբ

Վրաստանի զինված ուժերը 2017 թվականից «կսկսեն երեք գումարտակների պատրաստումը» ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:

«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ,- ասել է նախարարը:- ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շրջանակներում գործում է դաշինքի հետ մեր համագործակցության փաթեթը (ընդունվել է 2014 թվականի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովում), վերջերս Վրաստանը եւ ԱՄՆ-ը հուշագիր են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին (հուլիսի 6-ին այդ փաստաթուղթը Թբիլիսիում ստորագրել են վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին):

Իզորիայի խոսքով՝ «համագործակցության հաջորդ փուլը կդառնա Վրաստանի օդային պաշտպանության համակարգի ձեւավորումը, եւ այդ ուղղությամբ մեզ օգնություն է ցուցաբերելու Ֆրանսիան»: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ 2017 թվականից հանրապետությունը գործընկերների օգնությամբ «կսկսի երկրի զինված ուժերի երեք գումարտակների պատրաստումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում