Հայաստանն ունի բովանդակային ուժի լուրջ պաշար. Սերգեյ Սմբատյանը՝ 25-ամյա Անկախ երկրի գլխավոր ձեռքբերման մասին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի խորհուրդն անկախության սերունդն է, այն սերունդը, որը ապրում է ինքնիշխան և ազատ Հայաստանում: Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 25-ամյա անկախ Հայաստանի մեծագույն ձեռքբերումը համարում է անկախության սերունդը, ուստի պատահական չէ, որ միտք հղացավ իրականացնել համահայաստանյան երգչախումբ և նվագախումբ հավաքելու գաղափարը՝ դրան մասնակից դարձնելով ՀՀ-ից և Արցախից շուրջ 1000 պատանիների և երիտասարդների և փորձելով կոտրել այն կարծրատիպը, թե նախագծերի հաջողությունը բացառապես պայմանավորված է դրսից հյուրերի առկայությամբ:

««Անկախության սերունդ» երգչախումբ-նվագախմբի գաղափարի հիմքում այն է, որ մենք ունենք արժեքներ, որը ստեղծել է մեր երիտասարդ Հայաստանը, ինչի ականատեսը կլինենք սեպտեմբերի 21-ին՝ բեմում: Հայաստանն ունի գիտելիքների, տաղանդների, բովանդակային ուժի լուրջ պաշար: Մենք ունենք այն, ինչը չունեն շատ երկրներ, մեր մարզերում կան այնպիսի երաժիշտներ, որոնք կարող են լինել լավագույն նվագախմբերի կազմում»,-ընդգծեց Սմբատյանը:

Նվագախմբի անդամ գյումրեցի ալտահար Եղիա Անսուրյանը վստահ է՝ Անկախության 30-ամյակն ավելի մեծ համահայկական կազմով են տոնելու. «Եվ հայ ազգի ուժը կհասնի աշխարհի տարբեր մասեր, քանի որ երաժշտությունն այն լեզուն է, որը հասկանում են անկախ ազգությունից»:

Տոնական համերգի ծրագրում հնչելու են հայ կոմպոզիտորների կողմից վերջին 25 տարիների ընթացքում ստեղծված ստեղծագործություններ, կկատարվեն նաև հատուկ այդ օրվա համար գրված գործեր:

Նախադեպը չունեցող այս նախագիծը պահանջում էր կազմակերպչական և մասնագիտական երկարատև աշխատանք, ուստի սպասված արդյունքի հասնելու համար վերջին ամիսներին բազմաթիվ փորձեր են իրականացվել: Մասնագիտական պարապմունքների ընթացքում կատարելագործվել են մարզերի և Երևանի պատանի և երիտասարդ կատարողների վարպետությունն ու կատարողական հմտությունները: Տոնական համերգին մասնակցելու են նաև մենակատարներ: Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են հրավիրվել հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչները, ովքեր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պատվով են ներկայացնում Հայաստանն ամբողջ աշխարհում:

Հ.Գ. ««Անկախության սերունդ» երգչախումբ-նվագախմբի անդամների մտորումներն Անկախության պայքարի մասին կներկայացնենք սեպտեմբերի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում