Երևանում բացվել է դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնը

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո 2016թ. իրականացվող «Իմ Հայաստան» համահայ​կական փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Համերգը Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ի կատարմամբ բացել է Հայկական ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

Ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը: Հայկական ժողովրդական խաղիկների շարանով հանդես են եկել Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները:

Այնուհետև ելույթ է ունեցել դուդուկահարների մանկական եռյակը (Գագիկ Սահակյան, Թաթուլ Համբարձումյան, Գևորգ Ստեփանյան, դասատու` Ժիրայր Հարությունյան):

Ժողովրդական, ազգագրական երգերի և հայ մեծանուն կոմպոզիտորների, գուսանների (Արամ Խաչատրյան, Սայաթ-Նովա, Առնո Բաբաջանյան, Ալեքսեյ Հեքիմյան, Խաչատուր Ավետիսյան, Աշուղ Աշոտ) ստեղծագործությունների կատարումներով հանդես են եկել Վալերի Նամը և Յուրա Սարգսյանը՝ Ռուսաստանից, Իվանե Մկրտչյանը՝ Վրաստանից, Էդվարդ Ջերջիյանը և Մադիանա Թորոսյանը՝ Կանադայից, Ճորճ Վանեսյանը` Սիրիայից, Հակոբ Բաբայանը, Նորայր Սահակյանը, Համլետ Դաշյանը և Սեդրակ Ավագյանը՝ Արցախից, ինչպես նաև այլ երաժիշտ-կատարողներ Հայաստանից: Բեմից առաջին անգամ հնչել են մեղեդիներ՝ գրված դուդուկի համար:

Շնորհակալություն հայտնելով գերմանացի ժողովրդին և Բեռլինի Բունդեսթագին 2016թ. հունիսի 18-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունելու համար՝ հանդիսավար Սարգիս Նաջարյանը բեմահարթակ է հրավիրել գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին (նվագակցողներ՝ Ուվե Ֆիշեր, Աքսել Լորենց և կոմպոզիտոր՝ Դիրկ Միքաելիսը) և Գրեգոր Շուլենբերգին:

Հայաստանի քանոնահարների անսամբլի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողավրդական արտիստ Հասմիկ Լեյլոյան) հնչել են Սայաթ-Նովայի «Լալանին» և «Բռոի-Բռոի» ստեղծագործությունները:

Ցուցադրվել են հայկական հնագույն նվագարանների՝ ծիրանափողի, քանոնի, պարկապզուկի ստեղծման և պատմության մասին տեսաֆիլմեր:

Սեպտեմբերի 23-ին Դուդուկի փառատոնի մասնակիցները համերգային ծրագրով հանդես կգան Թալինում: Իսկ սեպտեմբերի 24-ին Գավառում տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ, կլինեն Գառնու հեթանոսական տաճարում և Գեղարդի վանքում, Օշականում ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, իսկ Երևանում՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում