ԱՄՆ-ը երկու սահմանապահ նավ կնվիրի Վրաստանին
Նմանատիպ
ԱՄՆ-ի կառավարությունը երկու սահմանապահ նավ կնվիրի Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության ծառայությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը՝ ամփոփելով հանրապետության ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլիի եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելիի միջեւ կայացած հանդիպման արդյունքները:
«Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության այցն ԱՄՆ: Այդ այցի շրջանակներում Բալթիմորում կկայանա ԱՄՆ-ի կառավարության կողմից Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության ծառայությանը Island դասի երկու սահմանապահ նավերի հանձնման արարողությունը»,-նշվում Է փաստաթղթում:
1990-ական թվականների վերջից ԱՄՆ-ը Վրաստանին կանոնավոր տեխնիկական, ֆինանսական եւ այլ օգնություն է ցուցաբերում ծովային սահմանների պաշտպանության եւ երկրում օրինականության ամրապնդման, կադրերի պատրաստման, ենթակառուցվածքի ստեղծման, առափնյա պահպանության ծառայության տեխնիկական հանդերձման գործում: 2014 թվականին մերձսեւծովյան Սուփսա ավանում գործարկվել է ծովային գործողությունների կառավարման կենտրոնը, որի կառուցումը ֆինանսավորվել էր ԱՄՆ-ի կառավարության կողմից: Կենտրոնի գլխավոր խնդիրը «անօրինական գործողությունների բացահայտումն ու վերացումն է Վրաստանի ծովային տարածքում»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում