Ֆրանսիական «թեթև թատրոնից»-ից մինչև «Արցախյան կռվի գենեզիս». Համազգային թատրոնում պրեմիերաներ են սպասվում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 25-րդ թատերաշրջանը կնշանավորվի պրեմիերաներով: Մասնավորապես՝ սեպտեմբերի 26-ին հայ հանդիսատեսի դատին կհանձնվի Սաշա Գիթրիի  «Արի երազենք…» կատակերգությունը՝ բեմադրությամբ ֆրանսիացի հայտնի բեմադրիչ և  դերասան Ժիրայր Բաբազյանի, բեմանկարիչը 90-ականներին Շվեյցարիա տեղափոխված և այնտեղ կրթություն ստացած Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է:

Ներկայացման մեջ զբաղված են Համազգային թատրոնի դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Նարինե Գրիգորյանը, Արման Նավասարդյանը, Նարեկ Բաղդասարյանը: 

Ֆրանսիացի դրամատուրգ Սաշա Գիթրիի «Արի երազենք…» պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1916-ին, Ժիրայր Բաբազյանի խոսքով՝ մեկդարյա պատմություն ունեցող այս գործն այսօր էլ շատ արդիական է, քանի որ գլխավոր թեման սերն է, գործող անձինք՝ սիրո կապանքներում խճճված մարդիկ:

«Հայաստանյան պայմաններում շատ կարճ ժամանակ ունեինք՝ 6 շաբաթ, բայց այնպիսի դերասանների հետ ծանոթացա, որը վստահություն է ներշնչում ներկայացման հաջողության հարցում: Պիեսի ժանրը թեթև է, բայց ոչ ցածր բուլվարային մակարդակի: Այն ի սկզբանե  եղել է 4 ակտից, սակայն միայն մեկ անգամ է խաղացվել ամբողջական տարբերակով: Ես ներկայացնելու եմ 4 արարով, որը պիեսին լրջություն կհաղորդի: Վարդան Մկրտչյանի առաջարկով ներկայացման մեջ կզգաք ֆրանսիական շունչը՝ այն մոտ կլինի ֆրանսիական թատերական ընդունված ոճին»,- ընդգծեց ֆրանսիացի բեմադրիչը:

Իր հերթին Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հավելեց՝ ներկայացման մեջ բարձրացվում են հարցեր, որոնց պատասխանը թողնված է հանդիսատեսին՝ նշելով, որ ինքը հարցականների թատրոնի կողմնակից է, երբ չկա պարտադրված դեղատոմս:

Անդրադառնալով սպասվելիք երկրորդ նորությանը, Մկրտչյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 30-ին և 31-ին Համազգայինի թատրոնի բեմ կբարձրացվի Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսը՝ բեմադրությամբ Արմեն Էլբակյանի, քանի որ նա սարոյանական աշխարհի լավագույն մեկնաբանն է հայաստանյան թատերաշխարհում:

Ի դեպ, նախատեսվում է ևս երկու նոր ներկայացում, որից մեկն  արցախյան պատերազմի մասին է՝ «Կռվի գենեզիս» պայմանական անվանմամբ և վավերագրական թատրոնի ժանրում, բեմադրիչը  Նարինե Գրիգորյանն է:

Այս համատեքստում Համազգայինի ղեկավարն ընդգծեց՝ իրենք բաց են դրսի և ներսի բեմադրիչների համար, այդ թվում՝ երիտասարդ, բայց այն, իհարկե, չի ենթադրում ամենաթողություն, քանի որ գործում է պրոֆեսիոնալ գեղարվեստական խորհուրդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում