Վրաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Հայրենասերների դաշինքի» հակաթուրքական հայտարարություններին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն կոչ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հակազդել այն կուսակցությունների բոլոր հայտարարություններին, որոնք ուղղված են ազգությունների եւ պետությունների միջեւ ատելության բորբոքմանը: Ջանելիձեն համապատասխան հայտարարությունը տարածել է այն բանից երեք օր անց, երբ հեռուստատեսությունում հայտնվել է «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Հայրենասերների դաշինք, միավորված ընդդիմություն» ընտրադաշինքի նախընտրական գովազդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Տեսահոլովակում նշվում է, որ Թուրքիան ցանկանում է յուրացնել հանրապետության երկու տարածաշրջան՝ Աբխազիան եւ Աջարիան: Բացի այդ, գովազդում Թուրքիային մեղադրում են վրացիների ցեղասպանության մեջ:

«Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Անկախության վերականգնման օրվանից նա հաստատակամորեն պաշտպանում եւ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության սկզբունքով, եւ չկա ոչ մի նշան, որ այդ հարաբերություններն սպառնալիք են ստեղծում»,– ասված է Վրաստաի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում