Գիտակցված ընտրությունն ընտրություն է, չգիտակցվածը՝ առուվաճառք

ՏԻմ ընտրություններն արդեն կարելի է համարել ավարտված: Խոշոր հաշվով, այն ոչ մի բանով չտարբերվեց նախորդ ընտրություններից: Միակ բացառությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բազմազանությունն էր, այդ թվում և այնպիսի ուժերի, որոնք մինչ այս քաղաքական դաշտում չկային: Իհարկե որոշ համայնքներում փոխվեցին ղեկավարները, որոշ համայնքներում ՀՀԿ-ն պարտվեց, բայց ընտրությունների փիլիսոփայությունը, հռետորաբանությունը մնաց անփոփոխ:

Անփոփոխ է նաև հետընտրական արձագանքն ու հետընտրական վերլուծությունը: Մեղադրանքները նույնն են, խախտումների մասին ահազանգերն ու արձանագրությունները նույնպես ու ցավալիորեն նույնն է մնացել նաև պարտությունն ընտրողների ուսերին բարդելու անհեռանկար ու դատապարտելի սովորությունը:
Որոշ ուժեր պարտություն կրելուց հետո, անպայման որպես մեղադրանքի թիրախ ընտրում են հասարակությանը, այն բաժանում երկու հատվածի: Մի մասին ուղղակիորեն համարում են ծախված, մյուսին մեղադրում քաղաքականապես ոչ զարգացած լինելու, քաղաքացիական ոչ բավարար գիտակցություն ունենալու մեջ: Տպավորություն է, որ քաղաքացիական գիտակցությունն անպայման դրսևորվում է տվյալ ուժին ձայն տալով ու քաղաքականապես հասու լինելը շաղկապվում է ուղղակիորեն տվյալ ուժին կամ ուժերին հաղթանակով պսակելու ջանքերով:

Այնինչ ցանկացած ուժ, ով կրում է պարտություն, առաջին հերթին պարտության պատճառները պետք է փնտրի իր մեջ ու պարտության համար մեղավոր կարող են լինել բոլորը, միայն ոչ հասարակությունը:

Նախ, ցավոք, քաղաքական ուժերի մեծամասնության ու ժողովրդի մեջ կա անջրպետ: Գրասենյակներում նստած ու ընտրություններից միայն մեկ ամիս առաջ գործին լծվելը բավարար չէ հաղթական արդյունք գրանցելու համար: Երբ ընտրությունների օրերին, որոշ կուսակցական գործիչներ հյուրախաղերի տեսքով այցելում են մարզեր ու դեմքի մտահոգ տեսքով սկսում ունկընդրել մարդկանց բողոքները՝ ժամանակ առ ժամանակ գլուխը տմտմբացնելով, ապա կեղծիքն ակնհայտ է, քանի որ նույն գործիչը մինչև նախընտրական կամպանիան, կարծես որևէ անգամ չի իջել իր վերին ամբիոնից ու չի այցելել որևէ հեռավոր մարզ, անձամբ գյուղացուց հետաքրքրվելու նրա հոգս ու ցավի մասին:

Բացի այդ, ցանկացած ընտրություն պահանջում է իր մեթոդաբանությունն ու հռետորաբանությունը, իր մոտեցումներն ու նախընտրական քարոզարշավի բառապաշարը: Որպես կանոն, միմիյանցից տարբերվում են առկա խնդիրներն ու այդ խնդիրներին լուծում տալու ճանապարհները: Եվ երբ քաղաքական ուժը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին օգտագործում է նույն լեքսիկոնը, ինչ կօգտագործեր համապետական ընտրությունների ժամանակ, ապա պարտությունը գրեթե անխուսափելի է: Երբ քաղաքական ուժը, այցելելով որևէ գյուղ կամ մարզային փոքրիկ քաղաք քննադատության թիրախ է դարձնում երկրի բարձրագույն իշխանությանը, ապա անկախ բնակչության մոտ իշխանությունների նկատմամբ դժգոհության աստիճանից, պարտությունը գրեթե անխուսափելի է:

Պետք է կարողանալ շատ հստակ տարանջատել բնակչության սպասելիքները ցանկացած ընտրություններից: Սովորաբար մարդիկ միանգամայն այլ սպասելիքներով ու մղումներով են մոտենում համապետական ընտրություններին ու միանգամայն այլ ակնկալիքներով ՏԻՄ ընտրություններին ու երբեմն կարող են այդ մոտեցումները տրամաբանորեն տարբերվել միմիյանցից:

Պետք չէ զարմանալ, որ նույն մարդը համապետական ընտրությունների ժամանակ իր ձայնը տալիս է ընդդիմությանը, իսկ ՏԻմ ընտրությունների ժամանակ իշխանության ներկայացուցչին: Այստեղ որևէ հակասություն չկա ու սա շատ օրինաչափ երևույթ է: Նա, ով մեղադրում է հասարակությանը քաղաքացիական ոչ բավարար գիտակցություն ունենալու մեջ ու ինքը չի հասկանում այս պարզ կանոնը, դրանով ապացուցում է, որ առաջին հերթին հենց ինքն է զուրկ այդ նույն գիտակցությունից կամ քաղաքական հեռատեսությունից:

Պատճառը շատ պարզ է: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մարդիկ առաջնորդվում են միանգամայն այլ սպասելիքներով, այլ շահերով: Այստեղ դեր են խաղում բազմաթիվ այլ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք բացակայում են համապետական ընտրությունների ժամանակ: ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաճախ մարդիկ ունենում են շատ կոնկրետ շահ, որևէ թեկնածուից ու անկախ նրանից դա դուր է գալիս քաղաքական ուժերին թե՝ ոչ, բայց դա նույնպես օրինաչափ երևույթ է ու այդ երևույթի հետ հաշվի չնստել չի կարելի: Դիցուք, որևէ համայնքում կա ասֆալտապատման ու լուսավորության խնդիր, բնականաբար մարդիկ իրենց ձայնը կտան այն թեկնածուին, ով կկարողանա լուծել այդ խնդիրները՝ անկախ նրա քաղաքական հայացքներից: Հետևաբար, եթե համապետական ընտրությունների արդյունքները կարող են չազդել (թեպետ կարող են և ազդել) տվյալ բնակավայրում ապրող մարդու կենցաղի ու առօրյայի վրա, ապա ՏԻՄ ընտրությունների արդյունքները անպայման կազդեն: Իսկ ցանկացած մարդ ընտրում է բացառապես հանուն իր սպասելիքների ու իր շահերի:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին ու հասարակության երեսին մեղադրանք շպրտելուն, ապա կյանքը ցույց է տվել, որ այն ընտրություններում, որոնց հետ մարդիկ հստակ հույսեր են կապել, այդ ընտրություններում ընտրակաշառքը որոշիչ դեր չի խաղացել ու ընտրակաշառքի գործոնը բարձրացել է միայն այն ժամանակ, երբ մարդիկ դադարել են իրենց հույսը կապել այս կան այն քաղաքական ուժի հետ: Նման դեպքերում, մարդիկ առաջնորդվել են շնից մազ պոկելն էլ է օգուտ ասացվածքով:

Իսկ թե ինչու՞ է հասարակությունը ժամանակ առ ժամանակ հիասթափվում տարբեր քաղաքական ուժերից ու առհասարակ քաղաքական դաշտից, դրանից թող հետևություն անեն այդ նույն քաղաքական ուժերը:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում