Վրաստանի վարչապետը խոստացել է պատժել պատգամավոր Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցնողներին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ վրացի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման կազմակերպիչներն ու կատարողները անպայմանորեն պատասխան կտան օրենքի առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցվել էր հոկտեմբերի 5-ի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում: Թարգամաձեն եւ մեքենայում գտնվող նրա վարորդը աննշան վնասվածքներ են ստացել, սակայն վիրավորված երեք անցորդներ հոսպիտալացվել են: Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ մոտակայքում գտնվող տասը ավտոմեքենա: Թարգամաձեն կարծում է, որ պայթյունի կազմակերպիչները կարող էին լինել իրավապահ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Դիմում եմ նրանց, ովքեր պլանավորել ու իրականացրել են այդ սադրանքը. դուք անպայմանորեն շատ խիստ պատասխանատվություն եք կրելու օրենքի առաջ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում