ՆԱՏՕ-ն անհանգստացած է Վրաստանի նախընտրական իրադրությունից

ՆԱՏՕ-ն անհանգստացած է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«ՆԱՏՕ-ն անհանգստացած է բռնության այն փաստերից, որոնք տեղ են գտել ընտրական գործընթացում, վերջերս պայթեցվել է թեկնածուի ավտոմեքենան: Նախընտրական շրջանը պետք է անցնի հանգիստ իրավիճակում, ժողովրդավարության բարձր սկզբունքներին համապատասխան»,- գրել է Ապատուրայը Fasebook-ում:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչական գործողություն Է որակել հոկտեմբերի 4-ի երեկոյան պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիի կենտրոնում:

Պատգամավորի ավտոմեքենան պայթել է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության գրասենյակից ոչ հեռու: Պայթյունի պահին ավտոմեքանայում եղել են Թարգամաձեն եւ նրա վարորդը: Նրանք ստացել են թեթեւ վնասվածքներ, լրջորեն տուժել են հինգ անցորդներ:

«Սա կրիմինալի պայքարն է հասարակության դեմ, կրիմինալի պայքարը՝ քաղաքական գործիչների դեմ: Սա կրիմինալի գրոհն է նորմալ քաղաքական ժողովրդավարական գործընթացի դեմ»,– ասել է Մարգվելաշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման կազմակերպիչներն ու կատարողները անպայմանորեն պատասխան կտան օրենքի առաջ: «Դիմում եմ նրանց, ովքեր պլանավորել ու իրականացրել են այդ սադրանքը. դուք անպայմանորեն շատ խիստ պատասխանատվություն եք կրելու օրենքի առաջ»,– ասված է վարչապետի հայտարարության մեջ:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում