Վրաստանում բացվել է առաջին հողմաէլեկտրակայանը

Վրաստանի Գորի քաղաքի մերձակայքում (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բացվել է առաջին հողմային էլեկտրակայանը՝ «Քարթլի»-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք ունենք ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հողմային էլեկտրակայան, որը գործում է այլընտրական էներգիայի աղբյուրների օգտագործմամբ: Այս էլեկտրակայանն իր յուրահատկությամբ եւ բնութագրերով լավագույններից մեկն է աշխարհում, որի արժեքը կազմում է 34 մլն դոլար»,-բացման արարողությանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Այսօրվա դրությամբ էլեկտրակայանի սահմանված հզորությունը 20,7 մեգավատ է, իսկ հեռանկարում այն կարող է հասնել 300 ՄՎտ-ի: Նախագիծն իրագործել է Վրաստանի Էներգետիկայի զարգացման հիմնադրամը հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համագործակցությամբ: Նախագծի ընդհանուր արժեքից 24 մլն դոլարը հատկացրել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, իսկ 10 մլն դոլարը՝ Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը եւ նավթի ու գազի կորպորացիան, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում