Մեռնող քաղաքականություն… Կամ ինչպե՞ս փրկել միտքը

Քաղաքականությունը հետաքրքիր ստեղծագործություն է և ներկայացում
Պլատոն

Սոկրատեսը ոչ մի գրավոր խոսք չի թողել: Նա գրավոր խոսքը համարում էր մեռած ու չտպավորող ու նախապատվությունը տալիս էր միայն կենդանի շփումներին՝ զրույցների տեսքով, կարծելով, որ միայն նման զրույցները կարող են թողնել անհրաժեշտ ներգործությունը:

Ճիշտ էր նա թե ոչ, որևէ մեկը չի կարող հստակ ասել: Նրա զրույցները մեզ են հասել հիմնականում Պլատոնի ու Քսենոֆոնի միջոցով ու մեր պատկերացումները Սոկրատեսի աշխարհայացքի մասին կախված է միայն այդ զրույցները փոխանցողների ընկալման ու ճշտության աստիճանից:

Սակայն եթե իր ժամանակին Սոկրատեսի գործելաոճի նման մոտեցումը կիսում էին քչերը, այժմ նա կարծես ունի բազմաթիվ հետևորդներ, մասնավորապես քաղաքական դաշտում ու հատկապես մեզ մոտ:

Մեր քաղաքական դաշտը, առանձին բացառություններով, կարծես լիովին կոնսոլիդացվել է գրավոր խոսքի մերժման շուրջ: Դժվար է ասել, թե երբ են մեր գործիչները վերջին անգամ որևէ աշխատություն գրել, որևէ մի 10 էջանոց գրքույկ ներկայացրել հանրության դատին կամ հանդես եկել հոդվածով:

Կրկնում եմ, ասածս չի վերաբերում մատների վրա հաշված մարդկանց, պարզապես խոսքս ընդհանրացնում եմ զուտ այն պատճառով, որ քաղաքական գործչի համարում ունեն հարյուրավորները, քաղաքական գործունեություն ծավալելու հավակնություն ունեն հազարները, սակայն գործունեությանը լուրջ մոտենալու ու այն գիտական հիմքի վրա դնելու կարողություն՝ տասնյակները:

Այնինչ գիրը դա ոչ միայն մտավոր վարժանք է, ոչ միայն մտավոր կարողությունները ցուցադրելու հնարավորություն, այլև գաղափար ստեղծելու ու քաղաքական արդյունք ստանալու ճանապարհ, առաջարկի ու լուծման եղանակների փնտրման բանալի:

Գրավոր խոսքի նման մերժումը հանգեցնում է նաև վերլուծական մտքի կաթվածահարմանը: Իսկ վերլուծելու համար պետք է թուղթ ու գրիչ: Իզուր չէ, որ կան մարդիկ, ովքեր նույնիսկ գիրք կարդալիս ձեռքին անպայման գրիչ են ունենում ու ի տարբերություն շատերի, այդ գրիչը ոչ թե հուզմունքը թաքցնելու նպատակով մատների արանքում խաղացնելու համար է, այլ նշումներ անելու: Այո, պետք է գրավոր խոսք, քանի որ առանց գրչի միայն Շերլոկ Հոլմսն էր բուխարու առջև ջութակ նվագելով վերլուծում ու գտնում ճիշտ ուղին:

Մենք դադարել ենք գաղափարներ ստեղծել, ոչ թե այն պատճառով, որ վերջացել են գաղափարները, այլ ինքներս չենք ուզում, չենք ձգտում. Բավարարվում ենք միայն կարճ հարցազրույցներով ու համարում գործն ավարտված: Այնինչ հարզացրույցների մեծամասնությունը չեն կրում վերլուծական բնույթ, չունեն բացահայտող ու ճանապարհ նշող հատկություն: Հիմնականում դրանք կրում են այսօրեական բնույթ: Այսօրվա հարցազրույցը, տառացիորեն հաջորդ օրը կորցնում է իր ակտուալությունն ու մոռացվում իսպառ: Տրվում են հարցեր ու ստացվում ստանդարտ ու շաբլոնային պատասխաններ, որոնք պարզ են նույնիսկ մինչև հարց տալը:

Եվ դա երկուստեք ձեռնտու գործողություն է, քանի որ լրագրողը տվյալ անձի միջոցով ապահովում է իր աշխատանքային զբաղվածությունը, իսկ այդ անձն էլ տվյալ լրագրողի միջոցով հիշեցվում հանրությանը: Երբեմն էլ հենց լրագրողն է մատնանշում ճանապարհն ու գործչին դուրս բերում այդ ուղու վրա: Հաճախ հենց լրագրողն է ստեղծում, շուկա նետում գաղափարն ու առաջացնում այդ գաղափարի խմորումը: Քիչ չեն եղել դեպքերը, երբ հենց լրագրողն է ստեղծել իրավիճակը, դրա լուծումը թողնելով այլոց:

Եթե լրագրողները որևէ գործչի մեկ ամիս ոչ մի հարց չտան, ապա այդ մեկ ամիսը բավական կլինի, որպեսզի սույն անձը իսպառ մոռացվի հանրության կողմից:

Մեղավորը հանրությունը չէ, այլ մենք: Կա թյուր մոտեցում, իբր հանրությանը չի հետաքրքրում քաղաքական անցուդարձն ու դրա հետ առնչվող իրադարձություններն ու մոտեցումները: Գուցե հանրությանը պարզապես չեն հետաքրքրում այդ մոտեցումները ներկայացնողնե՞րը: Պլատոնն ասում է. Քաղաքականությունը դա հետաքրքիր ստեղծագործություն է և ներկայացում: Հետևաբար, եթե մենք դադարում ենք ստեղծագործելուց, դադարում ենք նաև հետաքրքիր լինելուց:

Այնինչ 90-ականների սկզբներին, հատկապես Գերագույն Խորհրդի ժամանակ, ունեինք միանգամայն այլ պատկեր։ Կայքերի լիովին բացակայության պայմաններում, երբ լրատվությունը ապահովվում էր թերթերի միջոցով, ու ոչ արագության այժմյան տեմպերով, զգացվում էր քաղաքական մտքի մեծ ներուժ։ Գերագույն խորհուրդը հանդիսանում էր քաղաքական ու վերլուծական մտքի դարբնոց։ Թերթերի էջերը ավելի շատ լցվում էին հոդվածներով, քան հարցազրույցներով։ Նույնիսկ հարցազրույցներն էին նմանվում հոդվածների ու վերլուծականների։ Յուրաքանչյուր հարցազրույց իր բազմաբովանդակությամբ, հարցերի ու պատասխանների որակով արտացոլում էր ժամանակի շունչը։

Ինչ խոսք այդ պայմաններում բարձր էր նաև հասարակության հետաքրքրությունը, հասարակության յուրովի միջամտությունը ընթացող գործընթացների նկատմամբ։
Բնականաբար դա ուներ նաև իր օբյեկտիվ պատճառները, հաշվի առնելով այդ տարիների նպատակներն ու համաժողովրդական իղձերը։

Սակայն ժամանակի ընթացքում սկսվեց նկատվել ակնհայտ պասիվություն ու քաղաքական մտքին առաջին հարվածը հասցվեց 1995 թվականի, ՀՀ առաջին Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ, երբ մտավորն իր տեղը սկսեց զիջել խմբակային շահերին, ինչ արդյունքում փոխվեց նաև ընկալումը քաղաքականության վերաբերյալ։

Զուգահեռաբար ավելացավ հասարակության անտարբերությունը, որն առաջին օտարման, հասարակություն-քաղաքականություն կապի խզման առաջին ժամանակահատվածն էր։
Սակայն եթե հասարակությունը որոշ չափով իրավունք ունի անտարբերություն դրսևորելու, նույն մոտեցումը չեն կարող որդեգրել քաղաքական այրերը, քանի որ քաղաքականությունը կերտվում է ոչ թե հասարակության կողմից, այլ քաղաքական դաշտի։ Ոչ թե հասարակությունը պետք է քաղաքական մտքի արտադրողն ու հրամցնողը լինի, այլ նրանք, ովքեր ենթադրում են, որ իրենք քաղաքական գործիչներ են։

Այնպես որ եկեք արտադրանք տանք պարոնայք։ Եկեք միայն սպառողից, վերածվենք նաև արտադրողի, այլապես միայն սպառելով, ինչ որ ժամանակ կսպառվենք նաև ինքներս, եթե արդեն․․․

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում