Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը պահանջում է վերահաշվել ընտրողների ձայները

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը պահանջում է վերահաշվել ընտրողների ձայները

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Նինո Բուրջանաձե- Ժողովրդավարական շարժում» դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ պահանջում է վերահաշվել ընտրողների ձայները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվումից հետո խորհրդարան է անցնում երեք կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը», նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը»: Բուրջանաձեի դաշինքը հավաքել է ձայների 3,53 տոկոսը՝ դրանով իսկ չհաղթահարելով նվազագույն շեմը:

«Ես հանդիպել եմ ԿԸՀ-ի նախագահ Թամարա Ժվանիայի հետ, նա ուշադիր լսել Է ինձ եւ վերցրել իմ պատրաստած բոլոր փաստաթղթերը, որոնք ինձ հիմք են տալիս մտածել, որ օրակարգում պետք է դրվի ընտրությունների արդյունքների վերանայման հարցը: Մենք արդեն պատրաստել ենք ավելի քան 200 գանգատ, որոնք դատարան ենք ներկայացնելու: Իրականում մենք անհամեմատ ավելի շատ ձայներ ենք հավաքել, արդյունքները պետք է վերանայվեն»,- ասել է Բուրջանաձեն լրագրողներին:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունում նույնպես հայտարարել են, որ ընտրությունները կեղծված են, այդուհանդերձ մտադրություն հայտնելով «շարոնակել պայքարը երկրորդ փուլում»: «Դրանք անարդար ու անազատ ընտրություններ Էին… արդյունքները շատ հեռու են իրականությունից»,- ասել է ընդդիմադիր կուսակցության անդամ Գիգա Բոկերիան հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում: Կուսակցության հիմնադիր Սահակաշվիլին Facebook-ի իր Էջում ընտրությունների արդյունքները համարել է «համատարած զեղծարարություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին :

Հետևեք մեզ նաև Telegram-ում