Բրիտանացի գիտնականները փորձում են վերլուծել Վիկտոր Դալլաքյանի պահվածքը

Բրիտանացի գիտնականները փորձում են վերլուծել Վիկտոր Դալլաքյանի պահվածքը

Յուրաքանչյուր մարդ կարող է իր ուզած պահին դուրս գալ ակտիվ քաղաքականությունից ու հետո կրկին վերադառնալու հայտ ներկայացնել, եթե իհարկե գտնում է, որ քաղաքական դաշտն իր ներկայության կարիքն ունի: Կարող է աշխատանքից ազատման դիմում գրել, հետո նորից ընդունվել աշխատանքի, եթե իհարկե ընդունող լինի:

Այդ շրջադարձերն իր իրավունքն են ու եթե մտածում է, որ ինքը ծնվել է ռեվերանսներ անելու համար, ապա քավ լիցի, թող անի: Սակայն երբ մարդը անցնում է ողջախոհության սահմաններն ու իրեն երևակայում, կամ իրեն դրդում են, որ երևակայի իբր ինքը ժամանակի ասպետն է, ապա արդյունքը լինում է այն, որ տվյալ անձը ասպետ դառնալու փոխարեն, հայտնվում է անորսալի Ջոյի կարգավիճակում:

Ամենայն հավանականությամբ ինչ որ մի «բարեկամ», հավանաբար հարբած վիճակում, պարոն Դալլաքյանի հետ կատակել է, ասելով, որ աշխատանքից դուրս գալու դեպքում ընտանիքդ կընկնի հարվածի տակ, ու քանի որ այդ «բարեկամը» հարբած լինելուց իր կատակը կրկնել է մի քանի անգամ ու դեմքի լուրջ արտահայտությամբ, արդյունքում պարոն Դալլաքյանը իր կամքից անկախ ապացուցել է Մ. Գորկու մի թեզը, կամ աֆորիզմը, ինչպես կուզեք. «Եթե մարդուն մի քանի անգամ ասես, որ ինքը խոզ է, ապա այդ մարդն ի վերջո կսկսի խոզի պես խռնչալ»: Իսկ քանի որ, փառք Աստծո, տվյալ պահին որևէ մեկը պարոն Դալլաքյանին չի վիրավորել, այլ ուղղակի կատակել է, ապա Գորկու աֆորիզմում մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել այն առումով, որ խռնչալու փոխարեն, մարդը սկսել է բարբաջել:

Իհարկե մենք չենք փորձում վերլուծել պարոն Դալլաքյանի հոգեհուզական վիճակն ու տատանումները, ապրումներն ու ներշնչանքները, երազանքներն ու անձի վերաբերյալ առասպելային կարևորության իղձերը: Դրանով կարող են զբաղվել հոգեբանները:

Վերջապես կան նաև անմեղ ու բոլորին զվարճացնող տարօրինակներ, ինչպես մի հայտնի անեկդոտում, երբ հոգեբուժարանում մի հիվանդ հայտարարում է իբր ինքը Նապոլեոնն է: Երկրորդ հիվանդի հարցին, թե ո՞վ է նման բան ասել, հպարտորեն ասում է Աստված: Այդ լսելով, երրորդ հիվանդը շատ հանգիստ ասում է. «սուտ է ասում, ես իրեն նման բան չեմ ասել»:

Խնդիրն այստեղ քաղաքական դաշտն անլրջացնելու փորձերն են ու զավեշտի հասնող հայտարարությունները, մանավանդ երբ այդ զառանցագին մտքերի վրա փորձում ես բևեռել օտարերկրյա դեսպանների ուշադրությունը:

Վստահ եմ, որ երեկվա այդ հայտարարությունը ապահովեց ոչ միայն ֆեյսբուքյան հասարակության բարձր տրամադրությունը, այլև հաճելի ու ուրախ աշխատանքային մթնոլորտ ստեղծեց բոլոր այն դեսպանատներում, որոնց ներկայացուցիչները ականջալուր եղան այդ հայտարարությանը:

Պարոն Դալլաքյանը գուցե քննադատության չարժանանար, եթե պարզապես դուրս գար իշխանությունից, բացեր իր պատկերացրած կուսակցությունը ու իր ուժերը կրկին փորձեր ընդդիմադիր դաշտում: Այդտեղ արտասովոր ոչինչ չէր լինի ու նման գործելավոճն ու շրջադարձերը ոչ առաջինն են, ոչ էլ վերջինն են լինելու:

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ կան զբաղմունքներ, որոնք անհամատեղելի են: Վերլուծելով մի շարք մարդկանց վարքագիծը, նրանք եկել են այն եզրահանգման, որ երբ տաղանդավոր ծաղրածուն փորձում է մուտք գործել քաղաքականություն, շատ դեպքերում հասարակությունը կորցնում է շնորհալի դերասանին, փոխարենը ոչինչ չստանալով: Իսկ երբ քաղաքական գործիչն է փորձում իր ուժերը չափել դերասանական այդ ժանրում, որն ի դեպ մեծ տաղանդ է պահանջում, ապա ծաղրածուի փոխարեն հանրության առջև հառնում է մի փառահեղ խեղկատակ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում