Վրաստանը եւ ՌԴ-ն հավաստեցին հարաբերությունների բարելավումը շարունակելու պատրաստակամությունը

Վրաստանը եւ Ռուսաստանը Պրահայում կայացած խորհրդակցությունում հավաստել են երկկողմ հարաբերությունների հետագա նորմալացմանն ուղղված պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու պատրաստակամությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպման արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Կարասինի եւ Աբաշիձեի հերթական աշխատանքային հանդիպումը դեկտեմբերի 19-ին տեղի Է ունեցել Չեխիայի մայրաքաղաքում:

«Ընդգծվել Է, որ վերջերս Ռուսաստանում եւ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո երկու կողմերը շահագրգռված են շարունակելու երկխոսությունը ռուս-վրացական կապերի ակտիվացման կոնկրետ հարցերի շուրջ այն բնագավառներում, որտեղ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր Է առաջընթաց ապահովել, ներառյալ առեւտուրը, տրանսպորտը, մշակութային-հումանիտար ոլորտը»,-ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ նախարարությունում նշել են, որ «վերջին չորս տարում երկկողմ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ ձեռք բերված արդյունքները լավատեսություն են ներշնչում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում