Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների առաջին փուլի արդյունքներով բաշխել է խորհրդարանի մանդատները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, որոնց համաձայն համամասնական համակարգով օրենսդիր մարմին են անցնում երեք քաղաքական ուժեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին. 77 մարդ ընտրվում Էր կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների երկրորդ փուլ է նշանակել 50 ընտրատարածքներում:

«2016 թվականի հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ համամասնական համակարգով հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են երեք քաղաքական սուբյեկտներ՝ «Միասնական ազգային շարժումը», հավաքելով ձայների 27,11 տոկոսը, ստացել է 27 մանդատ, «Հայրնեասերների դաշինքը՝ 5,01 տոկոս ձայներով ստացել է 6 մանդատ եւ «Վրացական երազանքը»՝ 48,68 տոկոս ձայներով՝ 44 մանդատ»,- հայտնում է ԿԸՀ-ն:

Գերատեսչությունը նաեւ նշում է, որ մեծամասնական հաամակարգով առաջին փուլում 50 տոկոսի արգելքը կարողացել է հաղթահարել 23 թեկնածու, եւ նրանք բոլորն էլ ներկայացված էին «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Հետեւաբար քվեարկության առաջին փուլի արդյունքում իշխող կուսակցությունն արդեն ստացել է 67 պատգամավորական տեղ:

Վրաստանի խորհրդարանի վերջանական կազմը հայտնի կդառնա քվեարկության երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա հոկտեմբերի 30-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում