Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Դավիթ Ռակվիաշվիլին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 24-ին կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ վերաինտեգրացման պետնախարարի նախկին տեղակալ, ալպինիստ Դավիթ Ռակվիաշվիլիին նշանակել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ազգային ԱԽ-ի քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին քարտուղար Իրինա Իմերլիշվիլին նշանակվեց Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավոր:

«Նա (Ռակվիաշվիլին) լուրջ փորձ ունի, եղել է վերաինտեգրացման պետնախարարի տեղակալ, մասնակցել է Ժնեւի բանակցություններին, միջադեպերի կանխման մեխանիզմին (ՄԽՄ): Ելնելով դրանից՝ նա լուրջ փորձ ունի ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ ռուսական կողմի հետ հարաբերությունների տեսակետից»,- ասել է Մարգվելաշվիլին:

Նախագահը նաեւ նշել է, որ Ռակվիաշվիլին իր սերնդի ամենաակնառու ալպինիստներից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում