AM | RU
USD
EUR
RUB

«Վերջին երկար տարիներ»

 

Թերթերից մեկում ուշադրություն գրավեց պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հոդվածը, թե ինչ քայլեր են պետք, որոնք կբերեն առաջընթացի: Տոնայնությունն ու ընդհանուր շարադրանքն այն տպավորությունը թողեցին, որ Գագիկ Ծառուկյանի ժամանակվա «Բարգավաճում» քաղաքական փորձառություն ձեռք բերած, ապա Օսկանյանի ու Մարգարյանի հետ «Համախմբված» Վահե Հովհաննիսյանը կառավարության անվճար, բայց իմաստուն խորհրդատուի դիրք է ընդունել և, պետության զարգացմամբ մտահոգված, որոշակի առաջարկություններ է ներկայացնում, թե ինչը ոնց անել, այդ ամենը համեմելով բավականին տարածական դիտարկումներով ու բնորոշումներով:

Երիտասարդ քաղաքական գործիչների շարքում պարոն Հովհաննիսյանը, պետք է ընդունել, որոշակիորեն առանձնանում է: Եվ չի կարելի բացառել, որ ժամանակի հետ նա կարող է դառնալ Օսկանյանի «Համախմբման» եթե ոչ առաջին դեմքը, ապա գոնե այդ՝ ԲՀԿ-ից արտածված «քաղաքական թևի» հիմնական «ասողներից» մեկը: Նման հավակնություններ, ամեն դեպքում նշմարվում են, ու նաև դրա համար է հետաքրքիր, թե ի՞նչ է ասում:

Վատ բաներ չի ասում, լավ բաներ է ասում՝ պետությունը կարիք ունի մթնոլորտ փոխող խիզախ քայլերի, կարևոր է երիտասարդության համար երկրում մնալու հեռանկարը, անհրաժեշտ է խրախուսել նախաձեռնողականությունը, անհրաժեշտ է խնդիրների բաց և անկաշկանդ քննարկումների միջավայր և այլն, և այլն (իսկ ովքեր ուզում են, կարող են «Առավոտում» ընթերցել հոդվածը, համոզվել):

Ո՞վ կասի, թե դրանք լավ ու անհրաժեշտ բաներ չեն: Չնայած, այս «վերջին երկար տարիներին» ո՞վ նման լավ-լավ բաներ չի ասել, այն էլ՝ մի քանի անգամ, իսկ որոշներն էլ՝ տարին մի քանի անգամ: Այնպես որ, երիտասարդ քաղաքական գործիչն օրիգինալ չէ:

Նրա հոդվածն ընթերցելուն զուգահեռ մի ուրիշ բան էլ ուշադրություն հրավիրեց իր վրա: Բացասական երևույթներ նշելիս՝ Վ.Հովհաննիսյանը մի քանի անգամ գործածում է «վերջին երկար տարիներ» բառակապակցությունը: Անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի. վերջի՞ն տարիները, երկա՞ր տարիները, հատկապես ո՞ր «վերջին տարիները»:

Բանն այն է, որ այդ «վերջին երկար տարիներից» մի շարք «վերջին տարիներում» Վահե Հովհաննիսյանը եղել է մի տևական ժամանակահատված իշխանության մեջ գտնված «Բարգավաճ Հայաստանի» բավականին նկատելի անդամներից մեկը: Ու այդ հանգամանքից տրամաբանական հարցեր են ծագում:

Օրինակ, երբ պարոն Հովհաննիսյանը խոսում է «գործող ֆեոդալական բիզնես համակարգի» մասին, նա նկատի ունի՞ նաև իր ոչ այնքան վաղուցվա կուսակցական առաջնորդի բիզնես-կայսրությունը, թե՞ այն բացառապես արևմտյան մոդելի մենեջմենթի էտալոնային նմուշ է: Կամ երբ հարգարժան պատգամավորը խոսում է «որոշումների կայացման՝ ներկա կիսակլանային, ստվերային մեխանիզմից», «ձևավորված արևելյան կլանային, տարակարծություն մերժող յուրօրինակ մոդելից» և բավականին տեղին հորդորում ձերբազատվել հիշատակված «մեխանիզմից» ու «մոդելից», որդեգրեել նոր մոտեցումներ, իր նախորդ քաղաքական ու կուսակցական գործունեության ընթացքում որքանո՞վ է հաջողել կուսակցության մասշտաբով նման «մեխանիզմն» ու «մոդելը» փոխելու հարցում:

Այսինքն՝ եթե մեկին խորհուրդ ես տալիս այսպես ու այնպես վարվել, պետք է կարծել, որ մեկ այլ տեղում ու հնարավորություն ունենալով, ինքդ արդեն այդպես վարվել ես: Բայց թե Գագիկ Ծառուկյանի ժամանակվա ԲՀԿ-ն, թե նրանից հետո մնացած կառույցը, «Համախմբումն» էլ չհաշված, հազիվ թե օրինակելի կարելի է համարել՝ «արևմտյան մոդելների ու մեխանիլմների» տեսանկյունից: Սովորական արևելյան ներփակ կառույցներ են:

Խորհրդատվության դեպքում կարևոր է, որ խորհուրդ տվողը իրողություններն ու փաստերը չհարմարեցնի իրեն:

Նայենք. «Նախորդ շատ երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները, կառավարություններն ունեցել են մեկ ընդհանրություն՝ խուլ և համառ դիմադրության հակումը: Ոչ իշխանական ուժերը կարող են շաբաթներով, ամիսներով, տարիներով բարձրացնել հարցեր, հասարակության տարբեր շերտեր կարող են բարձրացնել հարցեր՝ ստանալով գրեթե զրոյական արձագանք…»,-նշված հոդվածում գրել է ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:

Սա ամենաքիչը կեղծ դատողություն է: Չէինք ուզենա մտածել, թե Վահե Հովհաննիսյանը հատուկ, այսինքն՝ միտումնավոր փորձում է եղելությունները «հարմարեցնել» իր բուր և բացասական գնահատականին:

«Շատ երկար տարիներից» վերցնենք «վերջին երկար տարիներին» արձանագրված մի քանի անհերքելի նմուշ:

1 «Հասարակության տարբեր շերտեր» բարձրացրեցին «Մաշտոցի պուրակի» խնդիրն ու դեմ դուրս եկան այն կրպակներով կառուցապատելու ծրագրին: «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները արձագանքեցին հասարակության պահանջներին, եթե կուզեք՝ տեղի տվեցին համառ ու հետևողական պահանջներին ու պահանջողներին, եթե կուզեք՝ ընդառաջեցին: Փաստ է. անարձագանք չթողեցին, փաստ է՝ պուրակը պահպանված է:

2 «Հասարակության տարբեր շերտեր» դեմ հանդես եկան մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշմանը: «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները արձագանքեցին: Փաստ է՝ ուղեվարձը մինչև հիմա էլ 100 դրամ է:

3 Կուտակային կենսաթոշակային մոդելի կիրառումը դեմ առավ «Դեմ եմ» շարժմանը: «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները որոշակի զիջումների գնացին:

4 «Հասարակության տարբեր շերտեր» անցած տարի ընդվզեցին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ( «Էլեկտրիկ Երևան» ): «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները անարձագանք չթողեցին թե շարժումը, թե պահանջները, և համագործակցելու առաջարկություններ էլ եղան:

5 «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները «վերջին երկար տարիներին» արձագանքեցին ու որոշակի բանակցություններ ունեցան իրենց առավել ընդդիմադիր ՀԱԿ-ի, հետո՝ «Քառյակի», հետո՝ «Եռյակի» հետ: «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները բանակցությունների մեջ մտան «4+4+4»-ի հետ՝ Ընտրական օրենսգրքում պահանջվող մի շարք փոփոխություններ կատարելու համար:

«Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները ընդառաջեցին իրենց ընդդիմախոսների՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ծրագրային մոտեցումներին:

Էլի օրինակներ կարելի էր նշել, բայց եղածն էլ բավարար է՝ համոզվելու համար, որ Վ.Հովհաննիսյանի բնորոշումը և իրականությունը իրարից կիլոմետրերով հեռու են: Ուրիշ բառերով ասած, պատգամավորի բնորոշումը հիմնված է կեղծ կամ «հարմարեցված» դատողության վրա: Իսկ եթե մի բանի մեջ կա կեղծը, կասկածի տակ է ընկնում մնացած ասելիքի ու առաջարկությունների անկեղծը:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan