Առավոտյան իշխանություն, երեկոյան ընդդիմություն

Սպորտում, երբ ֆուտբոլիստը մի ակումբից տեղափոխվում է մեկ այլ ակումբ, տևական ժամանակ է պետք լինում, որպեսզի հարմարվի նոր խաղաոճին, նոր միջավայրին, նոր շրջապատին: Բնականաբար սկզբնական ժամանակահատվածում նա չի կարողանում ցույց տալ իր սպորտային լավագույն որակները ու կարող է ամիսներ տևել մինչև նորմալ մարզավիճակ ձեռք բերելը:

Առօրյայում յուրաքանչյուր մարդ, որը նոր աշխատանքի է անցնում, նրան նույնպես պետք է տևական ժամանակ, որպեսզի յուրացնի աշխատանքի նրբությունները, հասկանա տրամաբանությունը: Կախված աշխատանքի բնույթից՝ անհրաժեշտ են լինում ոչ միայն գիտելիքներ, այլև համբերություն ու աշխատասիրություն:

Բիզնես հիմնելիս ցանկացած մարդ սկզբնական շրջանում հանդիպում է մի շարք դժվարությունների, չնախատեսված արգելքների, որոնց հաղթահարման համար պահանջվում է ահռելի ջանք ու տոկունություն:

Նույնիսկ պետական համակարգում, երբ մեկը նշանակվում է նախարար, գործում է չգրված օրենքը, այն է, 100 օր լրագրողները մարդուն հարցեր չեն տալիս, որպեսզի նա կարողանա հարմարվել իր պաշտոնին ու պարտականություններին, ծանոթանա իր կողմից ղեկավարվող ոլորտին:

Նշված բոլոր դեպքերը միանգամայն նորմալ երևույթներ են, հասկանալի ու բնորոշ յուրաքանչյուր մարդուն: Իհարկե լինում եմ բացառիկներ, որոնք կարողանում են այս ամենը հաղթահարել մեկ կամ երկու օրում, բայց նրանք հանճարներ են, որոնք ծնվում եմ ոչ ամեն օր:

Բայց ահա նույնը չես կարող ասել քաղաքական դաշտի մասին: Ոմանք փոխվում են այնպես արագ, որ մի պահ չես կարողանում կողմնորոշվել սույն անձը ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանության ներկայացուցիչ։ Մարդն այսօր մասն է կազմում իշխանության, իսկ հաջորդ օրն արթնանալով այնպիսի թունդ ընդդիմադիր է դառնում, որ ստաժավոր ընդդիմադիրները կարծես ամաչում են, որ իրենք այսքան տարի այդպիսի հուժկու ընդդիմադիր չեն եղել։

Ինչպես սկսնակ վարորդներն են սկզբնական շրջանում արագ վարում մեքենան, չզգալով արագությունը, այնպես էլ նորաթուխ ընդդիմադիրներն են բռնվում այնպիսի կրքով, որ քննադատության մոլուցքով տարված սկսում են քննադատել նույնիսկ այն տարիները, երբ իրենք կամ իրենց կուսակցապետերը նույնպես այդ իշխանության մասն էին, հետևաբար կրում են այն բոլոր բացասական երևույթների պատասխանատվությունը, որում մեղադրում են այլոց։

Քիչ առաջ կայքերից մեկում կարդում էի ԱԺ պատգամավոր, համախմբում կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը ու զարմանում՝ այ քեզ հրաշք ընդդիմադիր։ Միթե՞ ցորենը դարձել է մասուրի չափ, ու Փոքր Մհերը, դուրս գալով քարանձավից, փաստել է, որ Հայաստանն արդեն երկար տարիներ է, ինչ գահավիժում է անդունդ։

Ու վրդովմունքով արձանագրում, որ Հայաստանում կա աղքատության բարձր ցուցիչ ու քաղաքացիների բարեկեցության խիստ անբավարար վիճակ։ Եթե առասպելական Մհերն այսքան տարի քարանձավում չսպասեր մասուրի ու ցորենի հավասարությանը, գուցե իմանար, որ այդ աղքատության բարձր ցուցիչի ու քաղաքացիների բարեկեցության անբավարար վիճակի համար մեղքի իր բաժինն ունի իր ներկայիս կուսակցապետը։

Եթե պարոն Օսկանյանը, ժամանակին լինելով արտաքին գործերի նախարար ու պատկանելով նեղ շրջանակին, թույլ չտար շատերին խուսափել հարկային պարտավորություններից, գուցե ոմանք չունենային այժմյան ֆինանսական հզորությունը, բայց փոխարենն այդ աղքատության ցուցիչն ու բարեկեցության վիճակը հավանաբար այլ պատկեր կունենար։

Հարգելի երեսփոխանը կարծում է, որ առանց քաղաքական փոփոխությունների հնարավոր չէ հասնել դրական արդյունքների, հավանաբար մոռանալով, որ իր ներկայիս կուսակցապետի օրոք բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին այդ քաղաքական փոփոխությունները, սպառնում էին վերածել շարքային ընդդիմության՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։

Իհարկե ամբողջական հոդվածը բաղկացած էր մի քանի կետերից, բայց բոլոր կետերի գլխավոր մեխն ու մեսիջն այն է, որ ժողովուրդ դուք վատ եք ապրում ու եթե ուզում եք լավ ապրել, ապա փոխեք քաղաքական համակարգը ու փոխեք հատկապես մեզանով։

Այդ երկարաշունչ հոդվածը կարծես երկիմաստ բնույթ ունի։ Մի կողմից այն նմանվում է կուսակցության նախընտրական ծրագրի, մյուս կողմից հիշեցնում է վարչապետի համար նախատեսված աշխատանքային ուղեցույց։

Եթե դեռևս ոչ հեռավոր անցյալում իշխանությունը ներկայացնող ու ներկայումս համախմբված մարդկանց կողմից ներկայացված նախընտրական ծրագիր է, ապա, կարծում եմ, դեռևս վաղ է քարոզարշավ սկսելը։ Իսկ եթե աշխատանքային ուղեցույց է ու գրպանի խորհրդատու, ապա, ենթադրում եմ, նախ վարչապետը դրա կարիքը չունի, բացի այդ օրենսդրի գործառույթը ոչ թե գործադիրին խորհուրդներ տալն է, այլ համապատասխան օրենսդրական դաշտ մշակելը, որն էլ հիմք ունենալով, գործադիրը կարողանա արդյունավետ աշխատել։

Մնացյալը բաժակաճառերի ու բարի ցանկությունների տիրույթից է ու, ինչպես ասում է իմ ավագ ընկերներից մեկը, բաժակաճառը ժանր է, ու ցանկացած մարդ այդ ժանրում ստեղծագործում է այնպես, ինչպես ցանկանում է։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում