«Քաղաքացիական պայմանագրի» արդեն իսկ նախկին անդամները միացել են «Միասնություն» համազգային շարժմանը

«Քաղաքացիական պայմանագրի» արդեն իսկ նախկին անդամները միացել են «Միասնություն» համազգային շարժմանը

Հարցազրույց՝ «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Հայկ Պետրոսյանի հետ.

-Պարոն Պետրոսյա՛ն, Ձեր կողմից վերջերս ստեղծվել է «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը: Ո՞րն է այդ նախաձեռնության նպատակը:

-Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում հիմնական քննարկումներն անձերի շուրջ են ծավալվում և ուղղված են ինչ-որ գործողության կամ անհատների դեմ, ինչն իր հերթին շեղում է հանրության ուշադրությունն իրական խնդիրներից:

Մեր նախաձեռնության անդամներն իրենց հստակ և հիմնավորված պատկերացումներն ունեն Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման ուղու վերաբերյալ, որն էլ նպատակադրված ենք կյանքի կոչել:

-Գիտեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, հանդես են գալիս «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնությամբ։ Ո՞րն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու պատճառը:

-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորման շրջանում «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության բոլոր անդամներն ակտիվորեն մասնակցել են քաղաքական մտքի և զարգացման ուղու ձևավորմանը:

Սակայն, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ այնուամենայնիվ, առաջացել են սկզբունքային տարաձայնություններ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսք են՝ քաղաքական պատասխանատվությունը, կուսակցության զարգացման հետագա ուղին և նախընտրական աշխատանքների ոճը: Ուստի, երբ ակնհայտ դարձան արմատական տարաձայնությունները՝ կարևոր հարցերի շուրջ, որոշում կայացվեց քաղաքական մեր առաքելությունը շարունակել «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության ներքո:

Կարծում եմ՝ այս պարագայում շարունակել աշխատանքը կուսակցության ներսում, ոչ մի կողմի համար կառուցողական չէր լինի:

«Զարգացման ուղի» նախաձեռնության անդամները կարևորում են ժողովրդավարության հիմքում ընկած քաղաքական պատասխանատվության գաղափարը: Ընդ որում՝ այն պետք է լինի բնականոն զարգացման արդյունքում, ուստի՝ մեր տեսանկյունից՝ Հրազդանի ՏԻՄ ընտրություններից հետո, շատ կարևոր էր ոչ միայն գնահատական տալ տեղի ունեցածին, այլև պահանջել քաղաքական պատասխանատվություն: Սակայն, ինչ-ինչ պատճառներով՝ շատերը խուսափեցին բնականոն զարգացման մեր տեսլականից, ինչը, մեր խորին համոզմամբ, բերեց հաջորդ ձախողումներին: Այս ամենից հետո պարզ դարձավ, որ կուսակցության ներսում աշխատանքները շարունակել անարդյունավետ են և՛ մեր, և՛ մնացածի համար: Նաև դա էր պատճառը, որ մենք որոշեցինք հոկտեմբերին կայացած համաժողովին չառաջադրվել:

-Դուք և այս նախաձեռնության մյուս անդամները որոշում եք կայացրել՝ միանալ մեր երկրում վերջերս սկիզբ դրված «Միասնություն» համազգային շարժմանը, ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առջև՝ Շարժման շրջանակներում իրականացնելու համար:

-Ինչպես արդեն նշեցի, մենք ունենք քաղաքական և տնտեսական կոնկրետ մոտեցումներ, որոնք պլանավորում ենք կյանքի կոչել Շարժման հետ:

Պետք է կերտենք այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր ինստիտուտ կծառայի ՀՀ քաղաքացուն:

-Ինչպե՞ս կորակեք այս շարժումը, արդյոք նման շարժման կարևորություն տեսնո՞ւմ եք Հայաստանում:

-Վերջին մեկ տարվա քաղաքական իրավիճակը և ՏԻՄ ընտրություններն ակնհայտ ցույց տվեցին, որ այն լուծումները, որոնք հանրությանն առաջարկում են ներկա քաղաքական դաշտի մասնակիցները (նրանցից ոմանք դեռևս Կոմունիզմի մեթոդների կրողն են), այլևս արդիական չեն: Եկել է ժամանակը, որպեսզի իրենց սպառած քաղաքական գործիչները տեղը զիջեն այն ուժերին, որոնք ի վիճակի են նախ և առաջ հասկանալու, այնուհետև լուծելու 21-րդ դարի մարտահրավերները:

Մեզ համար անհրաժեշտ է ոչ թե ինքնանպատակ սերնդափոխություն, այլ՝ քաղաքական մշակույթի ՈՐԱԿԱԿԱՆ փոփոխություն:

-Ո՞րն է «Միասնություն» համազգային շարժման կողմից որդեգրված այն գաղափարը, որ ձեզ իր շուրջը հավաքեց:

-Այն, որ Շարժման անդամները պարզ գիտակցում են, որ որակական փոփոխություն կարող են անել միայն ինքնուրույն մտածող մարդիկ, որոնք կարողացել են իրենց կյանքում հասնել հաջողության: Ընդ որում, հաջողություն ասելով՝ շեշտադրում ենք ոչ թե ֆինանսական կարողությունը, այլ այն ինքնուրույնությունը, որը մարդը դրսևորել է իր կյանքի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում