Վրաստանի նախագահը հաստատել է Կվիրիկաշվիլիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է «Վրացական երազանք» կուսակցության կողմից վարչապետի պաշտոնի համար առաջադրված Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Կարգադրության մեջ նշվում է, որ Վրաստանի Սահմանադրության 80-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն` երկրի վարչապետի պաշտոնում ներկայացվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, որն առաջադրել է 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքը գրանցած «Վրացական երազանք» քաղաքական միավորման կողմից:

Նոր խորհրդարանում, որն աշխատանքները սկսել է նոյեմբերի 18-ից, ամենաշատ պատգամավորական մանդատ (115 տեղ 150-ից) ունի «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ պատճառով էլ այն առաջարկել է վարչապետի իր թեկնածուին: Մեկ շաբաթ առաջ կուսակցությունը հայտնել էր, որ առաջադրելու է Կվիրիկաշվիլիին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի դեկտեմբերի 29-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում