Բեյրութում կազմակերպվել է «Քսան տարիներ և անդին» խորագիրով գեղանկարչական ցուցահանդես

Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և «Նոյյան Տապան» արվեստի պատկերասրահի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Բեյրութում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին և «Նոյյան Տապան» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Քսան տարիներ և անդին» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի հիմնադիր Մովսես Հերգելյանը, ով ներկայացրեց պատկերասրահի 20-ամյա գործունեությունը և այդ տարիների ընթացքում ՀՀ դեսպանության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Ներկաներին իր շնորհավորական ուղերձը հղեց նաև Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով, միաժամանակ, կարևորեց արտերկրում հայրենի մշակույթի ներկայացմանն ու տարածմանն ուղղված պատկերասրահի խրախուսելի առաքելությունը: Դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ ընդգծեց նաև այն փաստը, որ գեղանկարչության ամենատարբեր ուղղությունները ներակայացնող հայ արվեստագետները իրենց ավանդն են ներդնում համաշխարհային արվեստի զարգացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում