Ես պատրաստվում եմ գլխավորել ընդդիմադիր դաշինքը

Առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ ու ընդդիմությանը զգալի արդյունքներ գրանցելու համար կա ընդամենը մեկ ելք: Դա միավորվելն է:

Ցավոք Հայաստանում այլևս չկա ընդդիմադիր այնպիսի ուժ, որը միայնակ կկարողանա հասնել զգալի արդյունքների՝ կամ իրականացնի իշխանափոխություն, կամ իր ներկայացվածությամբ կարողանա լուրջ հակակշիռ հանդիսանալ իշխանության համար:

Միավորման դեպքում այլ է, այն իրենից կներկայացնի զգալի ուժ ու իրական այլընտրանք իշխանության ձևավորման ընթացքում: Սակայն միավորումը որքան էլ առաջին հայացքից թվա հեշտ գործընթաց, իրականում այն չափազանց բարդ է, իսկ որոշ հանգամանքների առկայության պարագայում նույնիսկ անհնար: Այն, որ ողջ ընդդիմությունը չի կարող միավորվել, ունի իր օբյեկտիվ պատճառները: Ընդդիմադիր դաշտը համեմատած իշխանությունների հետ, որն ավելի միատար է, խիստ բազմաբևեռ է ու հակադիր և իրարամերժ գաղափարների, մոտեցումների միավորման հավանականությունը խիստ քիչ է:

Սակայն տեսականորեն հնարավոր է միավորում կոնկրետ մեկ կամ երկու հարցերի շուրջ, որոնք չեն պահանջում երկարատև համագործակցություն, չեն պահանջում գաղափարական ընդհանրություններ: Այդպիսին կարող է հանդիսանալ օրինակ, իշխանափոխության խնդիրը: Ընդդիմության խոշոր կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է ապագա խորհրդարանում ձևավորել ուժերի այնպիսի հարաբերակցություն, որը իշխանությունների վերարտադրությունը կդարձնի խիստ դժվար, եթե ոչ անհնար:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գաղափարական հիմքից զուրկ միավորումը, իր առաջնային խնդիրը լուծելուց ու իշխանությունների վերարտադրությունը կանխելուց հետո, կկանգնի քաղաքական լուրջ ճգնաժամի առջև: Պատճառն այն է, որ միայն իշխանություններին հեռացնելը դեռ քիչ է, դրանից հետո պետք է ձևավորել նոր իշխանություն: Իսկ առանց ամուր հիմքի միավորումը, որը թեկուզ կազմում է խորհրդարանում մեծամասնություն, իր առաջին խնդիրը լուծելուց հետո հնարավոր է բաժանվի մի քանի մասերի:

Սակայն կա մի այլ գործոն, որը ոչ պակաս կարևոր է, նույնիսկ որոշ դեպքերում առավել, քան գաղափարական ընդհանրությունն է: Դա ուժերի ղեկավարների կամ առաջնորդների, ինչպես կուզեք անվանեք, ամբիցիաներն են:

Իրականում քաղաքական բանակցությունները տարբեր ուժերի միջև նույնպես պահանջում են դիվանագիտական ունակություններ ու դիվանագիտական մոտեցումներ: Կարևոր չէ, թե բանակցողն ինչ է ցանկանում, ինչ է մտածում ու ինչ կարծիք ունի յուր անձի նկատմամբ: Կարևորը՝ ինչպես է նա ներկայանում հանդիպմանը, ինչպես է կարողանում իր պատկերացումները մատուցել ու իր ցանկությունները ներկայացնել այնպես, որ դրանք ենթագիտակցորեն դառնան նաև բանակցող մյուս կողմերի ցանկությունը: Բացի այդ, բանակցություններում յուրաքանչյուր կողմին հետաքրքրում է, թե ինչ է տալու հնարավոր համագործակցության պարագայում մյուս կողմը, ինչ դիվիդենտներ է ստանալու ու ինչպիսի արդյունքներ է արձանագրելու ապագայում: Իսկ, երբ շատերը փորձում են տասնյակ տարիների անցյալը հրամցնել որպես ապագայի արդյունքների հաղթաթուղթ, ապա ենթադրում եմ, որ մոլորվում են:

Այսօր Հրանտ Բագրատյանը մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ պարտաստվում է գլխավորել ընդդիմադիր դաշինքը ու իրեն տեսնում է առաջատարի դերում: Փառք ու պատիվ պարոն Բագրատյանի լավատեսությանը: Բայց այստեղ հարց է ծագում, բացի պարոն Բագրատյանից, արդյո՞ք ընդդիմադիր դեռևս գոյություն չունեցող դաշինքը տեսնում է նրան առաջնորդի դերում: Ինքս հարգում եմ նրա անցյալը, նրա ավանդը մեր պետականաշինության ու տնտեսության կայացման գործում: Բայց ցավոք, հաճախ մոռանում են, որ 20 տարիների ընթացքում փոխվում են մարդիկ, փոխվում են ընկալումներն ու պատկերացումները, փոխվում են չափանիշները: Ասեմ ավելին, գուցե շատերը դա չգիտեն, բայց մարդիկ մի շատ ցավալի հատկություն ունեն, դա մեծանալու հատկությունն է ու նախկին 20-ամյա պատանին, տարիներ հետո փաստում է, որ ինքն արդեն 40 տարեկան է և այլևս նախկին երիտասարդը չէ, որը կուրորեն երկրպագում էր ժամանակի հրամցրած կուռքերին:

Ասածս այն է, որ եթե պարոն Բագրատյանն իրեն պատկերացնում է ընդդիմության առաջնորդի դերում, դա նշանակու՞մ է, որ բոլորն են դա պատկերացնում, թե՞ ով զուրկ է նման երևակայությունից, նա ընդդիմություն չէ:

Բայց սա հարցի միայն մեկ կողմն է: Երբ դեռ գոյություն չունի ընդդիմադիր որևէ դաշինք, երբ դեռ ամեն ինչ գտնվում է բանակցային փուլում ու դու քեզ հռչակում ես առաջնորդ, դա արդեն վերջնագիր է: Դա նշանակում է, որ քո ամբիցիաները բացառապես առաջնորդական են: Դա նշանակում է, որ ցանկացած արդյունք կապում ես միայն քո անձի հետ: Իհարկե, մարդը կարող է տանը, իր սեփական անկյունում պաշտել յուր անձը, բայց հրապարակավ հայտարարելն այդ մասին բանակցությունների փուլում, ըստ էության, բանակցության տապալում է: Դա դիվանագիտական նոնսենս է ու բանակցային փակուղի:

Իհարկե, նման հայտարարությունը դեռ բանակցային վերջնական ավարտ չէ: Հնարավոր է փոքր ուժեր հավաքել շուրջդ, եթե իհարկե ինքդ քաղաքական մեծ ուժ ես ներկայացնում քեզանից, սակայն այդքանից հետո ակնկալել ընդդիմադիր լայն կոնսոլիդացիա, արդեն դժվար է պատկերացնել: Պատճառն այն է, որ ընդդիմադիր դաշտում շատերն են իրենց պատկերացնում առաջնորդի դերում ու շատերն են պատրաստվում գլխավորել ընդդիմադիր դաշինքը: Նման ամբիցիոզ մոտեցումների արդյունքում, մենք բազմիցս ենք ականատես եղել տապալված բակացությունների ու չկայացած դաշինքների: Բացի այդ, ցավալի է, որ շատերի գիտակցության մեջ ամրացած է սեփական անձի անգերազանցելիությունն ու համառորեն այլոց կարծիքների հետ հաշվի չնստելու մոտեցումը:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում