Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման արդյունքները տեսանելի չեն. Իրանում Հայաստանի դեսպան

Իրանն ունի շուրջ 80 մլն բնակչություն: Իրանական շուկան գրավիչ է Հայաստանի համար: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության, գործարար կապերի, տնտեսական հարաբերությունների մասին իրանական «Ջամ-ե ջամ» օրաթերթի հարցերին պատասխանել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է դեսպանության տրամադրած թարգմանությունը:

-Արդյո՞ք կան վիճակագրական ճշգրիտ տվյալներ երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ:

-Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չափազանց համեստ են և վերջին տարիներին մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Առևտրաշրջանառության տարեկան ծավալը փոքր շեղումներով տատանվել է 300 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշի շուրջ: Ընդ որում, ընդհանուր ծավալի մեջ մշտապես գերակշռել է Իրանից Հայաստան ապրանքների ներմուծումը:

-Ավելի քան մեկ ամիս առաջ Իրանում տեղի ունեցավ հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, ո՞րն էր դրա նպատակը:

-Հաշվի առնելով երկու երկրների գործարարների փոխադարձ իրազեկվածության ոչ բարձր մակարդակը և համակարգված տեղեկացվածության մեծ պահանջը՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության աջակցությամբ, ՀՀ զարգացման հիմնադրամի և Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Ի կատարումն այդ հուշագրի ս.թ. հոկտեմբերի 5-8-ին Թեհրանում հայաստանյան շուրջ 100 ընկերություններ ներկայացրեցին իրենց ապրանքներն ու ծառայությունները:

-Իրանում հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպումը նկատի ունենալով՝ ինչպե՞ս եք պարկերացնում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ապագան:

-Իրանական և հայկական ընկերությունների միջև տեղի ունեցան քննարկումներ, նրանք ծանոթացան միմյանց կարողություններին, եղան նախնական որոշ համաձայնություններ: Իրանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին այդ իրադարձությունը, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումներ եղան Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարների մասին:

-Ըստ Ձեզ՝ որո՞նք են երկու երկրների միջև առևտրային կապերի զարգացման նախապայմանները:

Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են կայուն տնտեսական հարաբերություններ, որոնք զարգացման միտումներ ունեն: Համատեղ ենթակառույցների ստեղծման գործընթացը դրական ընթացք ունի: Սակայն երկու կողմերի տնտեսավորողների կողմից միմյանց տարածքում ներդրումներ կատարելու գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Ինչ վերաբերում է երկկողմ առևտրի մակարդակին, այն հեռու է բավարար լինելուց, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

-Որ խնդրեմ, այդ մասին կմանրամասնե՞ք:

-Կողմերը բավարար չափով իրազեկված չեն միմյանց մասին, ծանոթ չեն օրենսդրական նորմերին, գործարար միջավայրի վիճակին և այլն: Կարևոր դեր են խաղում նաև գոյություն ունեցող առևտրային ռեժիմները, որոնք, մեղմ ասած, չեն խրախուսում բիզնես գործունեությունը:

-Արդյո՞ք արտոնյալ առևտրի միջոցով կարելի է խրախուսման պայմաններ ապահովել:

-Պատահական չէ, որ մեկնարկել և այժմ ընթացքի մեջ են ԵԱՏՄ-Իրան բանակցությունները՝ կապված արտոնյալ առևտրային ռեժիմների հաստատման հետ: Այդ բանակցությունների նախաձեռնողներից և ակտիվ մասնակիցներից մեկն էլ Հայաստանն է: Հուսով ենք, որ առևտրի նոր կանոններ կընդունվեն, որոնք կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը:

-Արդյո՞ք Իրանի շուկան հետաքրքիր է հայ առևտրականների համար, եթե այո, ապա իրանական տնտեսության ո՞ր ուղղություններն են առավել գրավիչ նրանց համար:

-Իրանն ունի շուրջ 80 մլն բնակչություն, և անշուշտ, այդ շուկան գրավիչ է Հայաստանի համար: Արդեն նշեցինք, որ երկու երկրների առևտրաշրջանառության մեջ գերակշռում է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, մինչդեռ հայկական ապրանքների մուտքն Իրան խիստ սահմանափակ է:

-Ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը:

-Դա կապված է իրանական մաքսային և առևտրային կարգավորումների առանձնահատկությունների հետ (բարձր մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման բարդ ընթացակարգեր և այլն):

-Վերադառնանք հայ առևտրականների համար Իրանի տնտեսության գրավիչ կողմերին, որո՞նք են դրանք:

-Կարծում եմ՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել և առանձին ոլորտներում (բարձր տեխնոլոգիաներ, ինժեներական ծառայություններ, հեռահաղորդակցություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն) ակտիվացնել համագործակցությունը:

-Վիզաների վերացումը, կողմերի միջև ուղիղ չվերթներն ու միմյանց հետ ճանապարհային կապն ի՞նչ դեր ունեն առևտրի զարգացման մեջ:

-Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացումն առաջին հերթին խոսում է փոխադարձ քաղաքական վստահության բարձր մակարդակի մասին, ընդ որում, ՀՀ քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ է կայացվել վիզայի վերացման մասին որոշումը, որն իրանական կողմից ընդունվել է մեծ պատրաստակամությամբ: Ինչ վերաբերում է այդ որոշման դրական հետևանքներին, ապա այստեղ առաջին հերթին հարկ է նշել հոգեբանական բարենպաստ ազդեցության, բյուրոկրատական քաշքշուկի վերացման, քաղաքացիների ու գործարարների տեղաշարժի դյուրացման մասին: Անկասկած, այդ հանգամանքները դրական ազդեցություն են ունեցել զբոսաշրջության և առևտրային հարաբերությունների վրա: Ընթացիկ տարվա մեջ հաճախացել են Երևան-Թեհրան և իրանական այլ քաղաքների միջև ինքնաթիռային չվերթները:

-Ի՞նչ կասեք երկու երկրների տարանցիկության կարևորության մասին:

-Հայաստանի տարածքով իրանական ապրանքների տարանցումը հնավորություն է տալիս մուտք գործել Վրաստան և Սև ծովի ավազանի երկրներ, մի ուղի, որը հուսալի այլընտրանք կարող է լինել Թուրքիայի տարածքով իրականացվող ապրանքափոխադրումներին: Իրանի տարածքով հայկական ապրանքների տարանցումը ենթադրում է ելք դեպի Պարսից ծոց և ապրանքների հոսք հակառակ ուղղությամբ: Ավելի լայն ընդգրգմամբ՝ Իրանի և Հայաստանի տարածքներն ընկած են «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագրի տիրույթում և հաջողությամբ կարող են ծառայել տարածաշրջանի երկրների տնտեսական գործունեության կարիքներին:

-Ձեր կարծիքով որո՞նք են արտասահմանյան ներդրումների ներգրավման համար Իրանի առավելությունները:

-Օտարերկրյա ներդրողների համար առաջին հերթին խիստ գրավիչ են իրանական բնական հարուստ պաշարները և տնտեսության մի շարք խիստ զարգացած ճյուղերը, ինչպես նաև մասնագիտական մեծ ներուժը: Երկրում գործում է ներդրումների պաշտպանության և կարգավորման պետական հատուկ մարմին: Իրանում գործում են մի շարք ազատ առևտրի գոտիներ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ պատժամիջոցների վերացումից հետո դեռևս չի նկատվում ներդրումների մեծ հոսք իրանական տնտեսության մեջ, որն, ամենայն հավանականությամբ, կապված է որոշ ներքին և արտաքին գործոնների հետ:

-Որո՞նք են Հայաստանի առավելություններն օտարերկրյա ներդրումների համար:

-Հայաստանում ստեղծված են որոշակի նախապայմաններ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Խոսքը վերաբերում է օրենսդրական երաշխիքներին և կառուցվածքային որոշակի փոփոխություններին: Մաքսային և հարկային օրենսդրության նորմերը բավականաչափ նպաստավոր են, երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, մաս է կազմում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ): Հայաստանում գործում են մի շարք ազատ առևտրի գոտիներ: Համաձայն «Doing business 2016» զեկույցի` Հայաստանը 189 երկրների մեջ զբաղեցնում է 35-րդ տեղը, իսկ ըստ կանադական «Ֆրեյզեր» ինստիտուտի զեկույցի՝ տնտեսության ազատության ցուցանիշով Հայաստանը 159 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:

-Ինչպիսի՞ն են Իրան-Հայաստան բանկային հարաբերությունները:

-ՀՀ բանկային համակարգը գործում է ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան և դրանից կարող են շահեկանորեն օգտվել օտարերկրյա ներդրողները: Հայաստանում գործում է իրանական «Մելլաթ» բանկի կողմից հիմնադրված նույնանուն բանկը: Հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների վերացումից հետո դեռևս պահպանվում են որոշակի խոչընդոտներ, որոնք խանգարում են երկու երկրների բանկային համակարգերի համագործակցությանը: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հիշյալ դժվարությունները կհաղթահարվեն և հնարավորություններ կստեղծվեն արդյունավետ համագործակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում