Վրաստանի ինն ընդդիմադիր կուսակցություններ անօրինական են ճանաչել խորհրդարանական ընտրությունները

Վրաստանի ինն ընդդիմադիր կուսակցություններ հրապարակել են միասնական հայտարարություն, որում անցկացված խորհրդարանական ընտրությունները որակում են անօրինական:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են երկու փուլով՝ հոկտեմբերի 8-ին եւ 30-ին: «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունների երկու փուլի արդյունքներով սահմանադրական մեծամասնություն Է ստացել խորհրդարանում: 150-տեղանոց օրենսդիր մարմնում այն կներկայացնի 115 պատգամավոր (անհրաժեշտ 113-ի դեպքում): Նաեւ խորհրդարան են անցել «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը»:

Փաստաթուղթն ստորագրել են՝ «Ազատ Վրաստան», «Լեյբորիստական կուսակցություն», «Նոր աջեր» ընդդիմադիր կուսակցությունները, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում- միասնական Վրաստան» կուսակցությունը եւ ուրիշներ: Ընդդիմադիրները պահանջում են վերահաշվել ձայները վիճելի ընտրատեղամասերում:

«Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն անցած խորհրդարանական ընտրությունները գնահատում են որպես համատարած կեղծված, ոչ ազատ եւ անարդար… պատրաստակամություն ենք հայտնում միավորել մեր ուժերը՝ բացահայտելու օրենքով սահմանված կոնկրետ խախտումները, վերահաշվելու ձայները վիճելի տեղամասերում եւ պատժելու մեղավորներին»,-ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում