Քանի դեռ մարդկությունը չի վերածվել պատմական էջի

Քանի դեռ մարդկությունը չի վերածվել պատմական էջի

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Կարելի է շնորհավորել բոլորիս այս օրվա կապակցությամբ, քանի որ բոլորս անխտիր ունենք պատշտպանության կարիք: Համայն մարդկությունն ունի պաշտպանության կարիք:

Երբևէ մարդու գոյությունն աշխարհում այնքան վտանգված չի եղել, որքան այսօր: Երբևէ մարդն այնքան օտարված չի եղել ինքն իրենից, որքան այսօր: Երբևէ մարդն այնքան հեռացած չի եղել արարչագործության սկզբնական գաղափարից, որքան այսօր:

Մարդկությունը կանգնած է քաղաքակրթական լուրջ ճգնաժամի, բաժանարար գծի առջև: Այդ գծից այն կողմ կա ընդամենը երկու ճանապարհ: Մեկը արժեհամակարգային փոփոխությունն է, կեղծ գաղափարներից, նախապաշարմունքներից, կարծրատիպերից հրաժարումն է, մյուսն` իսպառ ոչնչացումը:

Ցավոք, մարդկային գիտական միտքը դարեր ի վեր զարգացել է միմիյանց սպանելու, ոչնչացնելու, այլասերելու մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ: Ու այսօր այդ երկար ճանապարհը աստիճանաբար մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Մենք ավելի շատ մտածում ենք իրար մասսայաբար ոչնչացնելու միջոցներ փնտրելու մասին, քան այդ նույն մարդկանց մասսայաբար փրկելու ուղղությամբ: Մարդկային այլասերված միտքը պրպտում է նորանոր հնարքներ գտնելու որքան հնարավոր է հեռվից ու որքան հնարավոր է շատ մարդ բնաջնջելու մասին, սակայն անկարող է բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք առաջին հայացքից անհեթեթ են ու մասամբ արհեստածին:

Այսօր մարդու իրավունքների միջազգային պաշտպանության օրն է: Մարդկային վաշխառու միտքն անշուշտ միլիարդավոր դոլարներ կծախսի տարբեր դրամաշնորհների վրա, այս մեկ օրը անիմաստ ու ոչիչնչ չասող սեմինարներ ու քննարկումներ կազմակերպելու համար ու բնավ կարևոր չէ, որ այս պահին, ինչ-որ մի երկրում մարդիկ բառիս բուն իմաստով սովամահ են լինում: Այդ միլիարդների, եթե տասը տոկոսն ուղղվեր ըստ նպատակի, գուցե հենց այս պահին փրկվեին հարյուրավոր կյանքեր: Բայց դա մարդկությանը չի հետաքրքրում: Մարդիկ թքած ունեն գաղափարի առանցքի վրա, նրանց ուշադրության կենտրոնում բուն գաղափարն է: Հանուն գաղափարի զոհում ենք առանցքը` գաղափարը դարձնելով դատարկ խոսք:

Երեխային դեռ դպրոցական տարիներից այլասերում ենք` նրանց հաղորդելով այնպիսի մտքեր, իբր պատերազմներն են հանդիսացել արդի քաղաքակրթության զարգացման գրավականը: Մանկական խանութներից, մանկական մուլտերից, մանկական ֆիլմերից սկսած, վերջացրած հեքիաթներով մենք երեխային սովորեցնում ենք զենքին` ենթագիտակցորեն նրա մեջ սերմանելով սպանելու գաղափարը: Այնինչ մադկությունը երբեք չի զարգացել պատերազմների շնորհիվ: Հակառակը, ցանկացած պատերազմ մարդուն հետ է գցել իր բնականոն զարգացման ճանապարհց, ցանկացած պատերազմ խլել է կյանքեր, որոնք կարող էին փոխել պատմության ողջ ընթացքը: Այն, ինչ սպանում է, նա չի կարող արարել: Այն, ով սպանում է՝ չի կարող ծնել ու ստեղծագործել: Մարդկությունը զարգացել է բացառապես պատերազմներից պատերազմ միջանկյալ մի շատ կարճ ու ակնթարթային խաղաղության պայմաններում:

Թոմաս Հոբսը կարծում էր, որ բնության մեջ մարդը մարդուն գայլ է ու ենթադրում էր, որ հասարակությունը կարող է զսպել գայլային բնազդը մարդու մեջ: Այնինչ հասարակությունն ու սխալ ճանապարհով զարգացող միտքը ընդամենը խորացրեց գայլային բնազդն ու մարդուն վերածեց ավերող հիբրիդի:

Անշուշտ կգա քաղաքակրթական այն ժամանակահատվածը, երբ պատերազմներն ու արհեստածին հիվանդությունները, արհեստածին միջազգային ու միջպետական թշնամանքը որպես հետադիմություն կփոխանցվի մարդկային պատմության էջէրին: Կգա այնպիսի մի ժամանակաշրջան, երբ մարդը կհրաժարվի այն ամենից, ինչը կեղծ է, ինչը հեռացնում է մարդուն մարդուց, ինչը սպասարկում է ոչ համամարդկային շահերը, ինչ հանդիսանում է ավերման ու մահվան աղբյուր: Մարդը կհրաժարվի իրար հոշոտելու մոլուցքից, արյան ծարավից ու տարբեր գաղափարների անվան տակ մարդկային կյանքը զոհաբերելու գաղափարից:

Կգա այն ժամանակը, երբ մարդը վիճակագրական տվյալից կվերածվի մարդու

Հակառակ դեպքում մարդկությունն ինքն ամբողջովին կվերածվի պատմական էջի:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում