«Հաջող սկիզբ». Սիրիահայերը Հայաստանում նոր բիզնես կսկսեն

Փետրվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության դահլիճում կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայերի համար «Հաջող սկիզբ» դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում են Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից, 2012թ. դեկտեմբերին դասընթացները կազմակերպվեցին ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով՝ հայաստանում գտնվող և ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մի խումբ սիրիահայերի համար: Երկու դասընթացին մասնակցեցին շուրջ 40 սիրիահայեր՝ հնարավորություն ունենալով ծանոթանալ հայաստանյան տնտեսական օրենսդրությանը, բիզնես միջավայրի առանձնահատկություններին:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանն իր խոսքում սիրիահայերին շնորհակալություն հայտնեց մասնակցության համար՝ փաստելով, որ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելով՝ սիրիահայերը նաև նոր աշխատատեղեր են ստեղծում, ներդնում նոր բիզնես- մշակույթ. «Այնքան, որքան պետությունն է ձեզ համար հնարավորություններ ու արտոնություններ սահմանում, կրկնակին վերադարձնում եք դուք՝ բերելով ձեր յուրահատուկ գործելաոճը, աշխարհի մեծագույն շուկաներ մուտք գործելու ձեր հնարավորություններն ու հաջողակ փորձը»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց սիրիահայերին՝ ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների կողմից դասընթաց անցկացնելու առաջարկին վստահելու և այն ընդունելու համար. «Դասընթացին մասնակցելով և բիզնես-ծրագիր պատրաստելով՝ դուք, արդեն իսկ հսկայական աշխատանք եք կատարել, մնում է իրականացնել ծրագրերը: Դուք ճիշտ ուղի և գործընկեր եք ընտրել: Ուրախ եմ նաև, որ ձեր ձեռնարկատիրության արդյունքում թեկուզ 3 սիրիահայի կկարողանաք ձեր ընկերությունում աշխատանքի վերցնել: Այսպիսով ձեր աշխատանքի սկիզբն է դրվում, և մեր պետությունը, մասնավորապես երկու կառույցները՝ ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունները կշարունակեն անել ամեն ինչ, որ դուք ճիշտ կողմնորոշվեք և կայանաք»: Նախարար Հակոբյանը հիշեցրեց, որ ի տարբերություն Սիրիայի ազգությամբ արաբների, ովքեր պատերազմի պատճառով այլ երկրներում են գտնվում, Հայաստանում գտնվող սիրիահայերը իրենց թիկունքում հայրենիք ունեն, պետություն, որը կանգնած է յուրաքանչյուր սիրիահայի թիկունքին: Հ. Հակոբյանը նշեց, որ ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ շարունակում են աշխատել, որպեսզի սիրիահայերի կենսագործունեությունը Հայաստանում հնարավորինս ընդունելի և մատչելի դառնա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ պետությունը պետք է հնարավորինս աջակցի, որպեսզի սիրիահայերը Հայաստանում կարողանան ոչ միայն իրենց Հայրենիքը գտնել, այլև՝ տնտեսական ու բիզնես գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան. «Ուրախությամբ եմ հայտարարում, որ ևս մեկ ծրագիր հաջողությամբ իրականացվեց: Կարևոր է, որ մենք շարունակական և կայուն աջակցություն ցուցաբերենք սիրիահայերին: Մենք կշարունակենք այնպիսի քայլեր իրականացնել, որոնց արդյունքում դուք ոչ միայն ապրեք ու աշխատեք Հայաստանում, այլև ներդրում ունենաք Հայաստանի տնտեսության մեջ՝ դառնալով երկրի զարգացման կարևոր մասնիկն ու բաղադրիչը»:

Դասընթացների ժամանակ մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելել մարզերում գտնվող մի շարք ձեռնարկություններ, ծանոթանալ հայկական բիզնես միջավայրին, օրենսդրությանն ու տնտեսական ծրագրերին: ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցիչները տեղեկացրին, որ ծրագրի ընթացքում սիրիահայերին խորհուրդ է տրվել գործունեություն սկսել նաև ՀՀ մարզերում:

Դասընթացների այս փուլում բիզնես-ծրագիր ներկայացրած 7 սիրիահայերից յուրաքանչյուրը կստանա շուրջ 5 միլիոն ՀՀ դրամի վարկ՝ մարման արտոնյալ պայմաններով: Առաջիկայում 20 սիրիահայի ևս վարկավորում կտրամադրվի: Ընդհանուր առմամբ սիրիահայերի տարբեր բիզնես նախաձեռնությունները վարկավորելու համար պետությունը նախատեսում է 100 միլիոն ՀՀ դրամ, թիվը կմեծանա ըստ անհրաժեշտության: Հատկանշական է, որ ՓՄՁ ԶԱԿ ներկայացված ծրագրերում գերակշռում են հիմնականում արտադրական, նորարարական, արտահանման լայն հնարավորություններ ունեցող բացառիկ նախաձեռնությունները: Արդյունքում՝ առաջիկայում ստացված վարկերի շնորհիվ կհիմնվեն արդյունաբերական, գյուղատնտեսական ու Հայաստանում դեռևս գոյություն չունեցող սարքավորումների արտադրություն, ռեստորանային ցանց, կաշվե բաճկոնների, արևելյան քաղցրավենիքի արտադրության ձեռնարկություններ, տաքսի ծառայություններ, խանութներ:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ սեղմ ժամկետներում պետության կողմից վարկավորում ստացած սիրիահայերը հնարավորություն կունենան ցուցադրել իրենց հիմնած գործը, և վստահեցրեց, որ պետությունը սիրիահայերի կողքին կլինի իրենց բիզնես գործունեության ողջ ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում