Դավաճանին արդարացնելը հավասարազոր է դավաճանության

Դավաճաններ ցանկացած ժամանակահատվածում, ցանկացած ազգում և երկրում հնարավոր է գտնել: Երբևէ դավաճանները չեն կարող արատավորել իրենց երկիրն ու ժողովրդին, քանի որ դավաճանների իրական արժեքը գիտեն նաև նրանց վճարողները: Դավաճաններին օգտագործում են մի պահ, կոնկրետ նպատակների համար ու նետում աղբարկղ: Դավաճանությունը մի արատ է, որը հստակ արտահայտում է տվյալ մարդու արժեհամակարգը, տվյալ մարդու փչացվածության աստիճանը և ուրացող էությունը:

Բնականաբար չի կարելի դավաճան անվանել ռազմագերուն, ով հայտնվելով գերության մեջ ու չդիմանալով կտտանքներին ու տանջանքներին իր կամքից անկախ ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին: Դա խոսում է մարդու ֆիզիկական տոկունության աստիճանի, սակայն ոչ երբեք դավաճան հոգու մասին: Իհարկե կան հերոսաբար նահատակվելու բազմաթիվ օրինակներ, բայց հնարավոր չէ բոլորից ակնկալել մարտիրոսվելու կամք:

Սակայն նրանք, ովքեր տարբեր անվանումների ներքո, սպասարկում են հակառակորդի շահերը, նրանք հստակ դավաճաններ են: Դավաճաններ են նաև նրանք, ովքեր նմաններին պաշտպանելու փորձեր են անում: Որևէ անվանում չի կարող արդարացում լինել: Մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, 21-րդ դարին հատուկ արժեհամակարգային փաստարկներ, համամարդկային ինչ ինչ արժեքներ չեն կարող մեղմացնել արարքը: Նմանների նկատմամբ չպետք է կիրառվի մարդասիրական այնպիսի մոտեցումներ, ինչպիսիք են ներողամտությունը, գթասրտությունը, մեծահոգությունը և սխալվելու իրավունքը: Յուրաքանչյուր ոք, ով նմաններին արդարացնելու փորձեր կանի, դրանով վտանգի կենթարկի այլոց կյանքն ու պետության անվտանգությունը:

Իհարկե մարդու իրավունքներն ու ազատությունները բացարձակ արժեք են, սակայն այդ բացառիկությունը գործում է խաղաղության պայմաններում, իսկ պատերազմական իրավիճակները ենթադրում են մոտեցումներ, որոնք պայմանավորվում են զուտ պատերազմով:

Ցանկացած դավաճան գտնում է պատրվակ այն քողարկելու համար ու առաջին հերթին այդ պատրվակը խաղաղության ձգտելու շահարկումն է, սակայն խաղաղության հասնում են կամ բանակցային գործընթացով, կամ այդ խաղաղությունը հակառակորդին պարտադրելով:

Ցավոք վերջերս ականատես եղանք դավաճանության մի քանի դրսևորումների, երբ որոշները վերածվեցին ադրբեջանական կայքի աշխատակիցների: Այդ առումով մեզ մոտ հնչում են գնահատականներ, որ Ադրբեջանին հաջողվել է լրատվական-տեղեկատվական դաշտում որոշ հաջողություններ արձանագրել: Սակայն իմ խորին համոզմամբ, դրանք չեն կարող հանդիսանալ լուրջ հաջողություններ, եթե խոսքը վերաբերվում է սոսկ քարոզչությանը: Ցանկացածը, այդ թվում և ադրբեջանցիները հստակ գիտակցում են ուրացողների խոսքի և նպատակների իրական արժեքը և աշխարհում չի գտնվի գեթ մեկ մարդ, ով լուրջ կհամարի նմանների բարբաջանքը:

Այստեղ իրականում այլ վտանգ կա: Դա այլոց վահանանմանների կողմից մոլորեցնելու, ոմանց շահագրգռելու, ոմանց էլ տարբեր գաղափարական սոուսներով կերակրելու ու իրենց ճանապարհին կանգնեցնելու փորձերն են, ինչով էլ ըստ էության նրանք զբաղվում են: Որքանով դա կհաջողվի նրանց, կամ առհասարակ կհաջողվի թե ոչ, ցույց կտա կյանքը: Կարծում եմ նման փորձերը հիմնականում մատնվելու են անհաջողության, քանի որ մեր հասարակության հայրենասիրությունն ու անկոտրում կամքը ձևավորվել է դարերի ընթացքում ու այդ հատկությունները փոխանցվում են գենետիկ հիշողությամբ:

Սակայն տվյալ պարագայում ոչ այնքան կարևոր է մեր գենետիկ հիշողությունը, որքան մեր պատկան մարմինների արդյունավետ աշխատանքը: Մեր համապատասխան կառույցներն ու առաջին հերթին ազգային անվտանգության ծառայությունը, պետք է մեր հասարակությանը զերծ պահեն փորձությունների ենթարկվելու վտանգից: Մեր հասարակությունը ոչ թե պետք է ապավինի իր հայրենասիրական զգացմունքներին, այլ ապավինի այն մարմիններին, ովքեր կոչված են իրենց պաշտպանելու: Հակառակ դեպքում ֆեյսբուքյան տիրույթում չենք հանդիպի այնպիսի երևույթների, ինչպիսիք են վահանանմաններին հարցազրույց տալը, կամ ադրբեջանական կողմին հանձնվելու շանտաժների միջոցով սեփական խնդիրները լուծելուն միտված փորձերը, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջան փախած տիկնոջ կողմից: Ենթադրում եմ, եթե ժամանակին մեր պատկան մամինները ուշադրություն դարձնեին տվյալ տիկնոջ բարբաջանքներին, ապա գոնե տեսականորեն վահանը կմնար միակը իր տեսակի մեջ:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում