Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգել են նաև Մինսկում

Փետրվարի 28-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը եւ հայկական համայնքային կառույցները Մինսկում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի մոտ կազմակերպեցին սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Հավաքվածների առջեւ հանդես եկավ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը:

ՀՀ դեսպանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ «Սումգայիթի եղեռնագործությունը դարձավ Ադրբեջանում հայերի դեմ 20-րդ դարի սկզբից պարբերաբար իրականացվող կազմակերպված հանցագործությունների շարունակություն՝ բացահայտելով այդ երկրի տարածքում ողջ հայ բնակչության համար նախապատրաստած հանցավոր վճիռը: Այդ հանցավոր ծրագրի իրականացումը հնարավոր եղավ խափանել միայն Արցախում կազմակերպված ինքնապաշտպանության արդյունքում»:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին սումգայիթյան նահատակների հիշատակին եւ ծաղկեպսակներ զետեղեցին խաչքար-հուշակոթողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում