Ադրբեջանցիների հերթական սկանդալը՝ միջազգային տուրիզմի ցուցահանդեսին

Իտալիայի Միլան քաղաքում փետրվարի 14-17-ը տեղի է ունեցել Միջազգային տուրիզմի հերթական ցուցահանդեսը: Եվ այս տարի, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայանում էր Հայաստանից զատ՝ ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ և այլ նյութեր: Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը բաղկացած էր 4 անդամներից՝ Պատմական միջավայրի պահպանության և կառավարության զբոսաշրջության բաժնի տնօրեն Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ:

Միլանում գործող ՓՅՈՒՆԻԿ տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, Ադրբեջանի տաղավարը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող տաղավարի համարյա հարևանությամբ: Ադրբեջանցիներն այս անգամ էլ սեփական պարտությունը «արդարացնելու» համար ընկան ինքնախաբեության գիրկը’ չկարողանալով անտեսել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն իր առանձին տաղավարն ունի և աշխարհին է ներկայանում որպես ինքնուրույն միավոր:

Ցուցահանդեսի սկսվելուց հետո հաշված ժամեր անց Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը մոտենում է ԼՂՀ-ի տաղավարին և գոռոզամտորեն հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին տաղավար ունենալը չի համապատասխանում միջազգային իրավական նորմերին: Ասկյարը պահանջում է լքել տաղավարը և դադարեցնել Արցախի մասին թերթոնների բաժանումը: Չբավարարվելով միայն հայտարարութուններով, ադրբենցիները նույն գիշերվա ընթացքում (ամսի 15-ին) ներխուժում են ԼՂՀ-ն ներկայացնող տաղավար, առևանգում են գրքույկներ և մեծ պաստառը, որի վրա գրված էր «Լեռնային Ղարաբաղ»:

Հարցին միջնորդում է Միլանում գործող Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոսարանը: Պատվո կոնսուլ Պրն. Պիետրո Քոչուկյանը, որը այս ամենի ականատեսն ու վկան էր, Պր. Շահվերդյանի հետ միասին դիմում են Ցուցահանդեսի մենեջեր Էմանուելա Ֆոռլինին՝ պատմելով կատարվածի մասին և խնդրում են օգնել՝ կանխելու համար ապագա անախորժությունները:

Սակայն պատմությունը այս ամենով չի վերջանում… Հենց հաջորդ օրը Անվտանգության գլխավոր պատասխանատուն Պր. Քուչուկյանին և Պր. Շահվերդյանին իր գրասենյակ է հրավիրում, որտեղ նրանց էին սպասում 4 ադրբեջանցիներ՝ այդ թվում Հռոմից ժամանած Ադրբեջանի նախկին դեսպանը: Ադրբեջանցիները, առաջ բերելով բազմաթիվ անհեթեթ պատճառաբանություններ, շարունակում են պնդել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղավարի առկայությունը իրավական խախտման արգասիք է:

Երկար վիճաբանութունից հետո, երբ Անվտանգության գլխավոր պատասխանատուն հասկանում է ադրբեջանական կողմի անհեթեթ պահվածքը, զայրացած դիմում է վերջիններիս նշելով, որ ադրբեջանցիները ճիշտ վայր չեն ընտրել նման քնարկումներ անցկացնելու համար: Ավելին’ նման վարքագծի շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ հաջորդ տարվա ցուցահանդեսում ադրբեջանցիները կզրկվեն տաղավար ունենալու հնարավորությունից:

Հաջորդ օրը ադրբեջանցիները, մոռանալով թե ինչի համար են եկել միլանյան ցուցահանդես, իրենց տաղավարում նոր պաստառներ են փակցնում’ հետևյալ մակագրություններով.
« 1 միլիոն ադրբեջանցիների փախստականներ», «Հայերը ներխուժել են Ղարաբաղ» և այլն: Պր. Քուչուկյանը անմիջապես դիմում է Էմանուելա Ֆոռլինին, որը խոստանում է միջամտել:

Ցուցահանդեսի փակման օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը այցելել են նաև իտալահայ գաղութի մի շարք անդամներ՝ Իտալիայի Հայոց Հոգևոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ: Հոգևոր հովվի այցին ի պատասխան, ֆիերայի փակումից հետո, պատվիրակությունը այցելել է նաև Միլանի Սուրբ Քառասուն մանկուք եկեղեցի, որտեղ միասնական աղոթք են բարձրացրել մեր Հայրենիքի զորացման և մեր ազգի բարօրության համար: Հանդիպման վերջում Հայր Թովման Հայրենիքից ժամանած հյուրերին փոխանցել է իր բարեմաղթանքներն ու շնորհակալությունը՝ մեր Հայրենիքի պատիվը բարձր պահելու և քառօրյա քրտնաջան աշխատանքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում