Վրաստանի իշխող կուսակցությանը պաշտպանում է բնակչության 40 տոկոսը. NDI

Վրաստանի իշխող կուսակցությանը պաշտպանում է բնակչության 40 տոկոսը. NDI

«Վրացական երազանք» կառավարող կուսակցությանը պաշտպանում է Վրաստանի բնակչության 40 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ են վկայում հունվարի 18-ին լրագրողներին ներկայացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որն անցկացվել է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից: 

Պատասխանելով այն հարցին, թե «կուսակցություններից որն է ձեզ ամենից մոտ իր հայացքներով», քաղաքացիների 40 տոկոսը նշել է «Վրացական երազանքը», 10 տոկոսը՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, 3 տոկոսը՝ խորհրդարան անցած «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը, 3 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ 22 տոկոսը դեմ է արտահայտվել բոլորին:

Հարցման արդյունքների համաձայն, քաղաքացիների 42 տոկոսն այն կարծիքին է, որ խորհրդարանի նոր կազմը նախկինից ավելի լավ է աշխատելու այն դեպքում, երբ 30 տոկոսն օրենսդիր մարմնի աշխատանքում որեւիցե փոփոխություն չի սպասում:

Խորհրդարանի նոր կազմը ձեւավորվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են 2016 թվականի հոկտեմբերին: Օրենսդիր մարմնում տեղ են գտել «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որը 115 պատգամավորական տեղ է ստացել 150-ից, իսկ մնացած տեղերը բաժանել են «Միասնական ազգային շարժումը» եւ «Հայրենասերների դաշինքը», որոնք հաղթահարել են 5-տոկոսանոց արգելքն ընտրություններում:

Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում