«Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առեւտրային գաղտնիք է. Կալաձե

«Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առեւտրային գաղտնիք է. Կալաձե

Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առեւտրային գաղտնիք է, սակայն եթե հնարավորություն լինի, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այն հրապարակվի», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Նրա խոսքով՝ հիշատակված համաձայնագիրը, ինչպես Սահակաշվիլիի, այնպես էլ Շեւարդնաձեի օրոք, ձեւակերպվում էր տարիների շարունակ, եւ այն հրապարակային չէր:
«Վերջին ժամանակներս լսվում են ոչ ճիշտ հայտարարություններ այն մասին, թե այդ համաձայնագիրն իբր «գաղտնի» գրիֆի տակ է: Ինչ վերաբերում է նախագահին, նա ունի այն շռայլությունն ու հնարավորությունը, որը թույլ է տալիս նրան պահանջել այդ համաձայնագրի մանրամասնությունները, ուստի հարկավոր չեն փաստարկներից զուրկ այդ հայտարարությունները, որոնք, ցավոք, մենք լսում ենք վերջին օրերին: Ինչ վերաբերում է բուն գաղտնիությանը, դուք գիտեք, որ այդօրինակ բոլոր համաձայնագրերը ցանկացած երկրում առեւտրային գաղտնիք են»,-հավելել է Կալաձեն:

Վրացական կողմը որոշում է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը եւ Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքն է հայտնել, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: «Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,- ասել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:

Նախագահը հորդորել է օրենսդիր մարմնին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, նշել է նա: «Երկրի առաջին դեմքը՝ Վրաստանի նախագահը, կոչ է անում խորհրդարանին՝ կատարել իր սահմանադրական պարտավորությունը՝ ուժեղացնել հսկողության գործառույթը, ինչպես նաեւ առաջարկել պլան, թե ինչպես հաղթահարել եւ նվազագույնի հասցնել սպասվող ռիսկերն ու սպառնալիքները»,-նշել է նախագահի ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում