Հալեպում մեկ տարվա ընթացքում ինը տասնյակ հայ է առևանգվել

Հալեպահայ շտապօգնության մարմնից ստացված տեղեկությունների համաձայն' Հալեպում շուրջ մեկ տարի շարունակվող բախումների եւ անկարգությունների հետեւանքով 90 հալեպահայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն' ավելացնելով, որ նրանց մեծամասնությունը, բարեբախտաբար, ազատ է արձակվել:
Գրեթե բոլորը, բացի մի քանի հայերից, ազատ են արձակվել փրկագին վճարելուց հետո: Բախումների հետեւանքով վիրավորված հալեպահայերի թիվը 87 է, իսկ զոհերի թիվը դեռ ճշտվում է: Հայտնի է, որ այդ թիվը մոտ է չորս տասնյակին: Երկու զինծառայողներ' Խաժակ Աբելյանը եւ Ղազար Կարապետյանը, անհայտ կորած են համարվում մինչեւ այժմ:
Շտապօգնության մարմնի կողմից շուրջ 3500 օգնության փաթեթներ հատկացվել են հալեպահայ ընտանիքներին: Մեկ տարվա ընթացքում Հալեպում, ստեղծված ծանր իրավիճակից ելնելով, մոտ 12-13 հազար հայեր հեռացել են քաղաքից:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հրապարակել էր Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը' նշելով, որ այն գերազանցել է 70 հազարը: Ըստ հրապարակած տվյալների' սիրիացի փախստականների թիվը հարեւան երկրներում հասել է 940 հազարի: Տեղեկություններ կան, որ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը մոտենում է 300 հազարի, մոտ երկու հարյուր հազար սիրիացի էլ բնակվում է Հորդանանում: