Տիկնիկների թանգարանի համար ԱՄՆ-ից Հայաստան 400 տիկնիկ է բերվել

Լոսանջելեսաբնակ մշակութաբան Ալիս Նավասարգյանը Հայաստանում տիկնիկների ապագա թանգարանի համար 400 տիկնիկ է ուղարկել: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տիկնիկների հավաքածուն Արմեն Ամիրյանին հանձնեց թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանը:

«Ալիս Նավասարգյանը՝ Իսպահանի համալսարանն ավարտած, կիրթ ու ազնիվ մարդ է, մի քանի գրքերի հեղինակ: Իր «Բեմին նվիրված հայուհիներ» գրքում անդրադարձել է նաև Գալյա Նովենցին՝ կնոջս, որին պարզապես սիրահարված էին՝ ոչ միայն Ալիսը, այլև նրա ողջ ընտանիքը: Գալյայի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ, ու այդպես մենք բարեկամացանք: Ես գիտեի, որ նա տիկնիկների հրաշալի հավաքածու ունի, որոնք հավաքել է քառասուն տարվա ընթացքում: Անգամ տեղյակ էի, որ Միշել Օբամայի մտերիմներից մեկը համոզում է նրան հավաքածուն նվիրել առաջին տիկնոջը: Ես ամեն ինչ արեց ի , որ դա տեղի չունենա»,-պատմեց Երվանդ Ղազանչյանը և հավելեց, որ երբ հեռուստատեսությամբ լսել է, որ Արմեն Ամիրյանն ուզում է տիկնիկների թանգարան բացել, Ալիսի հավաքածուն է հիշել:

Նախարարի հետ զրուցելուց հետո Երվանդ Ղազանչյանը զանգահարել է Ալիսին: «Նա շատ ուրախացավ, երբ ասացի, որ իր հավաքածուն կարող է զարդարել այն թանգարանը, որ ցանկանում է բացել նախարարը: Շատ ոգևորվեց. «Մի՞թե Հայաստանում»: Այո՛, ասացի, հենց Երևանի կենտրոնում: Ալիսն առանց որևէ նյութական ակնկալիքի, վստահեց և մեծ սիրով ապագա թանգարանին նվիրեց տիկնիկների իր անգին հավաքածուն, որն այսօր այստեղ է: Ալիսն ամռանը կայցելի Հայաստան և իր տիկնիկներին կհանդիպի արդեն երևանյան նորաբաց տիկնիկների թանգարանում»,-ասաց թատերական գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում