Ռուսաստանը եւ Վրաստանը կշարունակեն հարաբերությունների բարելավման աշխատանքը

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, թե չի բացառում, որ որոշակի պայմանների դեպքում Մոսկվան եւ Թբիլիսին կարող են վերադառնալ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին: 

«Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը չի բացառել, որ որոշակի պայմանների դեպքում օրակարգում կարող է հայտնվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման թեման: Նրա խոսքով՝ Թբիլիսիում պատրաստ են գործնական հարցերի շուրջ շարունակել երկխոսությունը Պրահայում, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային քննարկումները»,-հունվարի 30-ին գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Աբաշիձեին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իր հերթին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հրատարակության հետ զրույցի ժամանակ ողջունել է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման թեման քննարկելու վրացի գործընկերոջ պատրաստակամությունը:

«Եթե իմ հարգելի գործընկեր Զուրաբ Աբաշիձեն իրոք նման հայտարարություն Է արել, դա կարելի է միայն ողջունել»,-նշել է Կարասինը:

Ինչպես «Իզվեստիա»-ին պատմել է Աբաշիձեն, Կարասինի հետ նոր հանդիպումը նշանակված է փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում: Դիվանագետները նախեւառաժ կքննարկեն առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցությունները եւ «որոշակի հումանիտար խնդիրներ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում