Նոր ցուցատախտակներով նոր մրցաշար (լուսանկարներ)

Հունվարի 27-29-ը Հայաստանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ըմբշամարտի դահլիճում անցկացվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի անվան առաջին հուշամրցաշարը, որին մասնակցեցին մինչև 23 տարեկան 88 ըմբիշներ։ Մեդալներ խաղարկվեցին 9 քաշային կարգերում։

Այդ հուշամրցաշարի ընթացքում առաջին անգամ Հայաստանում կիրառվեցին UWW-ի միջազգային չափանիշներին համապատասխանող ցուցատախտակներ։

Անդրանիկ Հարոյանի որդին՝ Ցոլակ Հարոյանը, ով նույնպես ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ է, Sport.Times.am հետ զրույցում ասաց, որ անձամբ են դիմել UWW-ին, որպեսզի ստանան ցուցատախտակների գործարկման հատուկ ծրագիրը։ Նա նշեց, որ դեռ վաղուց են նպատակ ունեցել կազմակերպելու այսպիսի հուշամրցաշար, պարզապես միայն այս տարի նպատակահարմար եղավ այն անցկացնել․

«Առջևում Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, դրա համար մրցաշարի համար ընտրեցինք այսպիսի տարիքային շեմ, որպեսզի երիտասարդների համար խթան լինի»։

Խոսելով մրցաշարի մակարդակի մասին՝ Ցոլակ Հարոյանն ասաց, որ այն իրեն ընդհանուր առմամբ գոհացրել է, սակայն ցավալի է, որ մասնակիցների քանակը քիչ էր։

«Մրցաշարը շարունակական է լինելու։ Հույս ունենք՝ մյուս տարի այն միջազգային կդառնա»,- ասաց նա։

Անդրանիկ Հարոյանը բազմաթիվ տիտղոսակիր սաներ է ունեցել։ Նրանցից մեկը Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն է։ Sport.Times.am հետ զրույցում հիշելով մարզչին՝ Բաղդադյանը պատմեց, որ առաջին քայլերը հենց այս մարզադահլիճում է կատարել.

«1984 թվականին առաջին անգամ ոտք դրեցի այս մարզադահլիճ։ Անդրանիկ Հարոյանը եղել է իմ առաջին ու վերջին մարզիչը (ծիծաղում է)։ Նա բոլորին սովորեցրել է աշխատել ջանասիրաբար, որպեսզի հասնեն լավ արդյունքների։ Երբեք տարբերություն չէր դնում իր սաների մեջ. այս մեկը թույլ է, մյուսը` ուժեղ, բոլորս հավասար էինք նրա համար։ Այսօր հայկական ազատ ոճի ըմբշամարտը նրա պես մասնագետների կարիքն ունի»,- խոսքը եզրափակեց Արայիկ Բաղդադյանը։

2015 թվականի Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանն իր անձնական մարզչի մասին Sport.Tmes.amի-ի հարցին այսպես պատասխանեց.

«Բացի իմ անձնական մարզիչը լինելուց նա նաև իմ երկրորդ հայրն է եղել։ Ինձ մարզել է մինչև 16 տարեկան, բայց մինչև հիմա զգում եմ այդ մարզումների արդյունքը։ Ըստ իս` նա հայկական ազատ ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչներից է եղել ու եթե մեր կողքին լիներ, այժմ մեր ազատ ոճի ըմբշամարտի մակարդակն ավելի լավը կլիներ»։

Ստորև ներկացանում ենք հուշամրցաշարի մրցանակակիրներին․

50 կգ քաշային կարգ

1․ Սենիկ Սերոբյան
2․ Գոռ Միքայելյան
3․ Գրիգոր Բաղդասարյան

57 կգ քաշային կարգ

1․ Վազգեն Թևանյան
2․ Խորեն Թեմուրյան
3․ Արսեն Հարությունյան
3․ Մխիթար Գրիգորյան

61 կգ քաշային կարգ

1․Ղազար Համբարձումյան
2․ Նարեկ Դալաքյան
3․ Հարություն Բարսեղյան
3․ Սիրեկան Ավդալյան

65 կգ քաշային կարգ

1․ Գեղամ Գալստյան
2․ Վարդգես Գալստյան
3․ Գոռ Բարսեղյան 3․ Գոռ Թորոսյան

70 կգ քաշային կարգ

1․ Խաչատուր Պապիկյան
2․ Վրեժ Քարամյան 3․ Արայիկ Գևորգյան
3․ Արման Անդրիասյան

74 կգ քաշային կարգ

1․ Անդրանիկ Գաբրիելյան
2․ Հրայր Ալիխանյան
3․ Արամ Ավագյան
3․ Ֆրունզիկ Մնացյան

86կգ քաշային կարգ

1․ Մհեր Մարկոսյան
2․ Արթուր Գալստյան
3․ Մարզպետ Գալստյան

97 կգ քաշային կարգ

1․Հովհաննես Սահակյան
2․ Լաբեր Գրիգորյան
3․Կոլյա Հարությունյան

125 կգ քաշային կարգ

1․ Հովհաննես Մաղաքյան
2․ Տիգրան Կյուրեղյան
3․ Գոռ Գալոյան

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում