Թբիլիսիում ակցիա է անցկացվում «Գազպրոմի» հետ պայմանագիրը հրապարակելու պահանջով

Թբիլիսիում կառավարական վարչակազմի շենքի առջեւ ակցիա է անցկացվում «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության եւ դրա կողմնակիցների մասնակցությամբ, որոնք պահանջում են հրապարակել Վրաստանի կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ կնքված նոր համաձայնագրի պայմանները, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

Ավելի վաղ վրացական կողմը համաձայնել է «Գազպրոմ Էքսպորտի» առաջարկությանը Ռուսաստանից Հայաստան «կապույտ վառելիքի» տարանցման համար վճարն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի դրանից, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը ձեռք կբերի հազար խորանարդ մետրը ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով: Վրացի ընդդիմադիրները եւ 80 ոչ կառավարական կազմակերպություններ քննադատել են «Գազպրոմի» հետ նոր համաձայնագիրը եւ կառավարությունից պահանջել են հրապարակել պայմանագիրը:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գեորգի Օնիանին, անընդունելի է համարում, որ «հասարկությունն իրազեկված չէ, թե Վրաստանն ինչ գումար է ստանում հազար խորանարդ մետր գազի տարանցման դիմաց, թե որ երկրի օրենսդրությամբ է լուծվում վեճը դրա ծագման դեպքում, թե կոնկրետ երբ է ստորագրվել պայմանագիրը»:

Ավելի վաղ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է, որ վրացական կողմը չի կարող իր ցանկությամբ հրապարակել պայմանագրի մանրամասները, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը:

«Գազպրոմի» հետ նոր համաձայնագիրը նաեւ քննադատում է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակ էկա Միշվելաձեն հայտնել է, որ, պետության ղեկավարի կարծիքով՝ վրացական կողմը կարող էր նվազագույնի հասցնել վնասները «Գազպրոմ Էքսպորտի» հետ նոր համաձայնագիրը ձեւակերպելիս: Մարգվելաշվիլիի համոզմամբ՝ նոր պայմանագրի պայմաններն ավելի վատն են նախորդներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում